ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում լսեցին արդյունաբերողներին
և գործարարներին հուզող հարցերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հյուրընկալել էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանդիպում-քննարկումն ուղղված էր նախարարության և միության համագործակցության արդունավետության բարձրացմանը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, նշեց, որ հրավերքի հիմնական նպատակը կայանում է նրանում, որ արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ քննարկեն և փորձեն ձևավորել այն հարթակը, որի շուրջ շարունակելու են համագործակցությունը:
«Ցանկանում եմ, որ մեր համագործակցությունը պարբերական բնույթ կրի: Որոշ ժամանակ անց նաև հանդիպումներ կկազմակերպենք առանց փողկապի, որպեսզի ավելի անկեղծ լինենք: Մեր նպատակը կայանալու է նրանում, որ առանց հապաղելու ձևավորենք այդ հարթակը, որը նաև կդնենք ինստիտուցիոնալ հիմքի վրա: Կլսենք, թե ինչ խնդիրներ կան այսօր, որոնք միասին պետք է հաղթահարենք»,- նշեց Սուրեն Կարայանը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանի խոսքով` նախարարության առջև դրված առանցքային խնդիրներից մեկը պահանջում է առավել արդյունավետ մեխանիզմներ մշակել և կիրառել գործարար համայնքին լսելու և նրա բարձրացրած հարցերը կարգավորելու համար:
«Այդ տեսանկյունից նախարարությունը պատրաստում է հանդիպումների շարք, որպեսզի մասնագիտացված միությունների հետ պարզի, թե որոնք են այն արդյունավետ մեխանիզմները, որոնցով նրանց ձայնը կլինի լսելի և բարձրացված հարցերը կստանան այնպիսի լուծումներ, որոնք կնպաստեն գործարար միջավայրի բիզնեսի զարգանալուն»,- ասաց փոխնախարարը:
Խաչատրյանի ներկայացմամբ, իրենք այդ հարցերից յուրաքանչյուրին լուծում տալու պարտականություն են զգում: Նրա կարծիքով, կառավարությունը բավականաչափ կամք ունի եղած խնդիրներին հնարավոր դրական լուծումներ տալու համար:
Խոսքի վերջում նա ընդգծեց, որ այս հանդիպումը, լինելով առաջինը, չի լինի վերջինը: Փորձելու են լսել բոլոր միություններին, որոնք ունեն ասելիք:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին նշեց, որ այս հանդիպումը վարչապետի հետ իրենց խորհրդի հանդիպման տրամաբանական շարունակությունն է: Նա իր գոհունակությունը հայտնեց այն փաստի առթիվ, որ կառավարության ընդունած աշխատանքային ծրագրում արդյունաբերողների և գործարարների միության առաջարկների զգալի մասն արտացոլվել է: «Այսօրվա հանդիպմանը պետք է քննարկենք կառավարության ծրագրի դրույթների շուրջ նախարարություն և միություն համատեղ աշխատանքի կետերը, մեխանիզմները, ինչի նպատակն է ներդրումային դաշտը բարելավելը, գործարարների հասարակական մասնակցությունն ակտիվացնելը պետական կառավարչական գործառույթների իրականացման մեջ, որպեսզի մենք կարողանանք շատ կարճ ժամանակահատվածում նպաստել տնտեսական ակտիվացմանը, ոգեշնչելու գործարար համայնքին՝ ներդրումներն ավելացնելու համար»,- ասաց Ղազարյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ միայն մասնավոր և պետական հատվածների թիմով աշխատելու արդյունքում հնարավոր կլինի մի քանի ամսվա ընթացքում տեղից շարժել լճացած տեղում կանգնած սայլը, այն է` տնտեսական վիճակը:
Վերջում նա հավելեց, որ իրենց առաջարկներն առարկայական ներկայացրել են կառավարություն, իսկ այսօր և հետագայում դրանք ավելի կկոնկրետանան:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել