ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԵՐԿՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ (2015Թ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ)

11 մարտի 2016 | | Լուրեր, 2016

Էդուարդ Կիրակոսյան
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն

Զեկուցում՝ կարդացված «Հայաստանի գործարար հանրությունը և ԵԱՏՄ-ն. սպասելիքներ, հիմնախնդիրներ, հեռանկարներ» գիտաժողովում (2016թ. փետրվարի 26, «Նորավանք» ԳԿՀ)

Հարգելի գործընկերներ, բարեկամներ, թույլ տվեք Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անունից ողջունել մեր Կլոր սեղանի մասնակիցներին և ցանկանալ մեզ բոլորիս արդյունավետ աշխատանք։

Նման նախաձեռնությունների շնորհիվ ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տնտեսական միության ներսում իրական բովանդակություն են ստանում, հանգեցնում կոնկրետ շփումների, փոխճանաչման։

Մաքսային միությունը, որի հիմնադիրներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, օրինաչափորեն վերափոխվեց Եվրասիական տնտեսական միության, որին միացավ նաև Հայաստանը։

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն տանող ուղին հեշտ չէր, քաղաքական որոշումն ընդունելուց հետո անցած կարճ ընթացքում նախապատրաստական մեծ աշխատանք կատարվեց, և այդ ողջ աշխատանքին ակտիվորեն մասնակցեցին մեր միության՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամները։

Հայաստանը ԵԱՏՄ-ն դիտարկում է որպես կանխատեսելի և միավորման մասնակից երկրների համար առավել շահավետ հարաբերությունների (որոնք հիմնված են ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքների վրա) զարգացման հիմնական ձևաչափ։ Իհարկե, Հայաստանն ունի իր առանձնահատկությունը, դա միության մյուս երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունն է։ Սակայն մենք համոզված ենք, որ, ստեղծելով որոշակի դժվարություններ, դա, այնուամենայնիվ, չի խանգարի մեր միասնական տնտեսական տարածքում ձևավորվող կարգավորման միասնական համակարգերին, տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցությունների, ֆինանսների համակարգերին ինտեգրվելուն, բնականաբար՝ այն պայմանով, որ բարձրացված հարցերը ժամանակին գտնեն իրենց լուծումը։

Պետք է նշեմ, որ Հայաստանի գործարար հանրությունն ընդհանուր առմամբ դրականորեն վերաբերվեց ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությանը՝ սթափ գնահատելով ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման առավելությունները։ Չէ՞ որ այսօր մեր հանրապետությունն արդեն ոչ թե փոքր շուկա է՝ 3 մլն մարդով, այլ մեծ շուկայի մի մասը, որտեղ ավելի քան 170 մլն սպառող կա։

Ցավոք, այնպես է ստացվել, որ ԵԱՏՄ ստեղծումը համընկել է համաշխարհային տնտեսության ճգնաժամային երևույթների, Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների, ռուբլու փոխարժեքի կտրուկ անկման և մանավանդ դրա փոփոխականության հետ, ինչը հանգեցրեց միության երկրների հետ ապրանքաշրջանառության նվազմանը։ Այսպես. ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունն անցած տարի կրճատվել է 17,6%-ով, այդ թվում Ռուսաստանի հետ՝ 18 %-ով։ Ընդ որում՝ պետք է նշել, որ Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունը կրճատվել է 20,6%-ով, իսկ ԵՄ երկրների հետ՝ 23,6%-ով։

Հայաստանում բարձր է կախվածությունը ռուսաստանյան տնտեսությունից. Ռուսաստանին բաժին է ընկնում առևտրի, ներդրումների և դրամական փոխանցումների հիմնական ծավալը։ Իրավիճակը Ռուսաստանի տնտեսությունում անդրադարձավ Հայաստանի վրա, և մեր երկիրը, որի հիմնական առևտրային գործընկերը կա և կլինի Ռուսաստանը, իր վրա զգաց դա, ընդ որում՝ ամենից շատ տուժեցին արտահանողները։ Ռուբլու փոխարժեքի ավելի քան կրկնակի նվազումը մեր ապրանքները ԵԱՏՄ շուկայում սակավ մրցունակ դարձրեց։ Արդյունքում՝ արտահանումը ԵԱՏՄ երկրներ կրճատվեց 27,1%-ով, այդ թվում՝ Ռուսաստան՝ 26,7%-ով։

Զգալիորեն կրճատվեց նաև ներմուծումը Հայաստան։ Ընդ որում, եթե ընդհանուր ներմուծումը կրճատվեց 26,5%-ով, ապա ԵԱՏՄ երկրներից՝ 14,9%-ով, Ռուսաստանից՝ 15,6%-ով։

Ներմուծման կրճատման պատճառ դարձավ նաև դրամական փոխանցումների կրճատումը։ Մասնավոր տրանսֆերտների գումարը 2015թ. կրճատվեց $520 մլն-ով, այդ թվում՝ Ռուսաստանից՝ 518 մլն-ով կամ 43%-ով, ինչը, բնականաբար, անդրադարձավ բնակչության գնողունակության վրա։

Թվում է, թե բերված թվերը պետք է հոռետեսություն առաջացնեն ԵԱՏՄ-ի նկատմամբ, բայց գործարար հանրությունը հասկանում է, որ իրադրությունն ավելի վատ կլիներ, եթե չլիներ մեր երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։

Տրամաբանական է, որ ՌԴ տնտեսական իրավիճակի վատթարացումը բացասաբար է ազդում Եվրասիական տնտեսական միության ներսում ինտեգրացիոն գործընթացների վրա, քանի որ կազմակերպության 80%-ը նրա վրա է հիմնվում։ Սակայն հայկական բիզնեսը վստահ է, որ Ռուսաստանի տնտեսությունը մեծ հեռանկարներ ունի, որոնք ընդամենը ժամանակավորապես են արգելակված, ինչը թեև թույլ, բայց լավատեսության հիմքեր է տալիս։

Կուզենայի Կլոր սեղանի մասնակիցների ուշադրությունը հրավիրել հետևյալ հարցերի վրա։

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության առաջին տարին ի հայտ բերեց ինչպես առավելություններ, այնպես էլ դեռևս առկա չլուծված խնդիրներ։ Մեր բիզնեսի համար ադապտացիոն շրջանը հեշտ չէր։ Պատնեշները, խոչընդոտները և սահմանափակումները դեռևս օրակարգում են։

Գործարար հանրությանը հուզում են օպերատիվ լուծում պահանջող խնդիրները, որպեսզի գործարարներն ի վերջո կարողանան կողմնորոշվել, թե ինչպես գործեն այս կամ այն իրավիճակում։

Անցած տարի Հայաստանում տեղի են ունեցել մեր միության, Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված մի քանի հանդիպումներ բիզնեսի ներկայացուցիչների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի անդամ նախարարների միջև։

Բիզնեսի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց հուզող հարցերը, նշել տեխնիկական կարգավորման, հարկային ձևակերպման, մաքսային վարչարարության և տարանցման հայտարարագրման խնդիրները, այն խնդիրները, որոնք կապված են դեղագործական, ոսկերչական ճյուղերի հետ և այլն։

Հնչած բոլոր հարցերը ներկայացվել են ԵԱՏՀ։ Իհարկե, ոչ բոլոր հարցերն են, որ լուծում են գտել, թեև զգացվում է, որ դրանց տրվող արձագանքը դրական է։

Մենք կարծում ենք, որ ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիայի խորացման համար անհրաժեշտ է ակտիվ և հետևողական աշխատանք փոխադարձ առևտրում պատնեշների վերացման հարցում, հարկ է խուսափել այնպիսի որոշումներ ընդունելուց, որոնք չեն նպաստում ինտեգրացիոն գործընթացների խորացմանը, կտրուկ նվազեցնել բյուրոկրատիայի մակարդակը, պակասեցնել միութենական շրջանառության մեջ այսօր պահանջվող տարբեր փաստաթղթերի քանակը, պարզեցնել ԱԱՀ վերադարձի մեխանիզմը։

Գործընկերներ։ Ես վերը ներկայացրի թվեր, որոնք ցույց են տալիս փոխադարձ ապրանքաշրջանառության նվազումը, նշեցի, որ շատ բան կախված է Ռուսաստանի տնտեսությունում տիրող իրավիճակից։ Բայց դա չի նշանակում, թե երկրի ղեկավարությունը, Հայաստանի բիզնեսը պասիվ սպասում են, թե երբ է Ռուսաստանում տնտեսական աճ սկսվելու։

Ստեղծվել է արտահանումը խթանող խորհուրդ՝ վարչապետի գլխավորությամբ։ Սահմանվել են գերակա ճյուղերը, որոնք որոշակի պայմանների ապահովման պարագայում պետությունից ստանում են արտահանվող արտադրանքի գումարի 10%-ը։ 2016թ. առաջին կիսամյակի համար գերակա ապրանքներ են սահմանված գինին, մրգօղին, պահածոները, մսամթերքը, ձուկը և ձկնամթերքը։ Կիսամյակի արդյունքներից կախված՝ այս ցանկը կվերանայվի։

Լուրջ աշխատանք է կատարվել Ռուսաստան թարմ մրգերի և բանջարեղենի մատակարարումների ավելացման գործում։ Արդյունքում՝ այս տարվա փետրվարի 15-ի դրությամբ արտահանվել է 7575 տոննա թարմ միրգ և բանջարեղեն՝ անցած տարվա նույն ժամանակի 4139 տոննայի փոխարեն, աճը կազմել է 83%։

Հանրապետությունում մշակվել և ակտիվորեն իրականացվում է արտահանման կողմնորոշում ունեցող արդյունաբերության զարգացման ռազմավարությունը, որտեղ ներառված են 11 ճյուղերի ձեռնարկություններ։

Յուրաքանչյուր ճյուղի համար մշակվել է զարգացման առանձին ծրագիր, որը հաշվի է առնում տվյալ ճյուղի խնդիրներն ու առանձնահատկությունները։

Իհարկե, գործարար հանրությունը լավ է հասկանում, որ ԵԱՏՄ ստեղծումը, անկախ առկա բացասական պայմաններից, այսրոպեական արդյունք չի տա։ Ժամանակ է հարկավոր, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունն իրականացնի իր ողջ պոտենցիալը։

Արդեն այս տարի կսկսի գործել բժշկական արտադրանքի և դեղորայքի միասնական շուկան, 2019թ. մենք պետք է ստեղծենք էլեկտրաէներգետիկայի, մինչև 2025թ.՝ նավթի, գազի և նավթամթերքների, ինչպես նաև ոգելից խմիչքների ու ծխախոտի միասնական շուկա։

Ի դեպ, Հայաստանի ղեկավարությունն արդեն այժմ առաջարկել է անցնել գազի դիմաց ռուբլով վճարմանը, ինչը բացառում է դոլարային տրանսֆերտները։

ԵԱՏՄ երկրների առջև խնդիր է դրված՝ միավորել իրենց արդյունաբերական պոտենցիալը համատեղ արտադրանքի արտադրման և արտահանման ու երրորդ երկրների շուկաներում համատեղ ներկայանալու նպատակով։ Հայաստանի արդյունաբերողներն ուզում են և պատրաստ են հաստատել կոոպերացիոն կապեր, ներառվել ավելացված արժեքի ստեղծման շղթային։ Այստեղ պոտենցիալ, թեև ոչ մեծ, Հայաստանն ունի։ Դա հատկապես վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, որը Հայաստանում բավական զարգացած է, ոսկերչական և դեղագործական ճյուղերին, թեթև արդյունաբերությանը և այլ ճյուղերին։

Սիրելի գործընկերներ։ Հայաստանն, իհարկե, փոքր տնտեսությամբ երկիր է, բայց կարող է իր ծանրակշիռ ներդրումն ունենալ ընդհանուր գործում։ Պետք է ասեմ, որ Հայաստանն ամենաազատական տնտեսությունն ունի ԵԱՏՄ անդամ երկրների շարքում՝ իր բարենպաստ հարկային դաշտով և բիզնես միջավայրով։

Այսպես, համաձայն DoingBusiness-ի՝ բիզնեսի վարման դյուրինությամբ Հայաստանն առաջ է ԱՊՀ բոլոր երկրներից և 189 երկրների մեջ զբաղեցնում է 35-րդ տեղը (Ղազախստան՝ 41, Բելառուս՝ 44, Ռուսաստան՝ 51, Ղրղզստան՝ 67)։

Մեր երկիրն արդեն բավական երկար ժամանակ օգտվում է ԵՄ-ի (GSP+ ռեժիմ) և ԱՄՆ-ի (GSP) հետ առևտրի բարենպաստ ռեժիմից։ Ավելի քան 11 հազար ապրանքների գծով կան արտոնյալ մաքսային պայմաններ Եվրամիության հետ։ Դա նշանակում է, որ այդքան անվանումներով ապրանքներ՝ Հայաստանում արտադրված, կհայտնվեն ԵՄ շուկաներում կամ առանց մաքսի, կամ անհամեմատ ավելի ցածր մաքսով։ Այնպես որ, հրավիրում ենք մեր գործընկերներին օգտվել այդ հնարավորությունից։

Գործընկերներ։ Ավարտելով ելույթս՝ մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցության առաջին տարին դժվար էր։ Եվ դրա համար քիչ պատճառներ չկային։ Ազգային արժույթների արժեզրկումը, պատժամիջոցների ճգնաժամն Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության նոր ռեժիմը, փոխադարձ առևտրում առկա պատնեշները չէին կարող չանդրադառնալ ԵԱՏՄ երկրների տնտեսությունների վրա։ Սակայն անհաջողությունները և դժվարությունները չպետք է հիասթափեցնեն և հոռետեսության հիմքեր չպետք է տան։ Դրանք ընդամենը հերթական մարտահրավերներ են, որոնք մենք միասին պետք է հաղթահարենք։

Հակառակ դեպքում, ինչպես ասում էր երջանկահիշատակ Վիկտոր Ստեպանովիչ Չեռնոմիրդինը, «Ուզում էինք, որ ավելի լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ»։

Իսկ դա այն է, ինչ մենք ձեզ հետ միասին չենք ուզում։

Ահա սրանով էլ թույլ տվեք ավարտել ելույթս։

Սկզբնացբյուր www.noravank.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Գագիկ Աղաջանյանը պարգևատրվեց ՀԱԳՄ ոսկե մեդալով և պատվոգրով• Քննարկվեցին հայ-իրանական տնտեսական գործակցության հետագա խորացման հնարավորությունները• Երևանում մեկնարկեց «Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը• Գործարարները քննարկեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և թեստավորմանն առնչվող խնդիրներ• ՀԱԳՄ ներկայացուցիչները քննարկել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմանն առնչվող հարցեր• ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ• ՀԱԳՄ անդամները հանդիպեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ• Քննարկվեց պետություն-մասնավոր երկխոսության միջազգային և հայաստանյան փորձը• Գործատուներին ներկայացվեցին ՀՀ աշխատանքային օրենսդրության նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիարժեք վերահսկողություն իրականացնելու օրենսդրական դրույթները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center