ԵԱՏՄ-ն կարող է ընդլայնել Հայաստանի արդյունաբերության զարգացման հնարավորությունները

Փետրվարի 26-ին Երևանում քննարկվել են Հայաստանի գործարար համայնքի հնարավորությունները, արդյունաբերության զարգացման պոտենցիալը, տնտեսության առավել հեռանկարային ոլորտները, հիմնական խնդիրներն ու հնարավորությունները, որոնք բացվում են Հայաստանի բիզնես շրջանակների համար ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում։ Քննարկումը տեղի է ունեցել «Հայաստանի գործարար հանրությունը և ԵԱՏՄ-ն․ սպասելիքներ, հիմնախնդիրներ, հեռանկարներ» թեմայով կոնֆերանսի ընթացքում։
Կոնֆերանսը կազմակերպվել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, «Միջազգային հարաբերությունները և տնտեսական ինտեգրումը Հարավային Կովկասում» փորձագիտական ցանցի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Ռուսաստանի «Գիտելիք» ընկերության, «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության, «Կովկասյան համագործակցություն» ոչ առևտրային գործընկերության համատեղ ջանքերով։
Զեկույցներով հանդես են եկել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, Տնտեսական գիտությունների թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թևիկյանը և Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանը։
Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը նշել է, որ բոլոր հետխորհրդային երկրները խոշոր կորուստներ են կրել ԽՍՀՄ փլուզումից հետո՝ և ոչ միայն տնտեսության, այլև գիտության ոլորտում։ Փակվել են շատ գիտական ինստիտուտներ, իսկ գիտնականներից շատերը կամ փոխել են մասնագիտությունը, կամ մեկնել են արտերկիր։ Հարությունյանն այդ երևույթը պայմանականորեն անվանել է «ինտելեկտուալ գենոցիդ»։ «Ներկայիս տնտեսական ճգնաժամը ԵԱՏՄ անդամներին դրդել է միասնական ուժերով վերականգնել այն, ինչ կորսվել է»,- ասել է նա։
Իր հերթին, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ ԵԱՏՄ ներքո տնտեսական ինտեգրումից հիմնական ակնկալիքներն են վերականգնել շուկայի ներուժը, կյանքի բարձր մակարդակը, լուծել գործազրկության հարցը և բարձրացնել մրցունակությունը տնտեսության, արդյունաբերության և գիտության ոլորտներում։ «Արդյունքը կախված է լինելու նրանից, թե որքանով մեզ կհաջողվի ազգային շահերը միավորել վերազգային մակարդակում»,- ասել է նա։
Զեկուցողներն անդրադարձել են առանձին հարցերի, որոնք վերաբերում են վերոնշյալ խնդիրների լուծմանը։
Էդուարդ Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի գործարարների և արդյունաբերողների հիմնական ակնկալիքները ԵԱՏՄ-ից։ Նա նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման խորացման համար անհրաժեշտ է ակտիվ աշխատանք տանել բյուրոկրատիայի, ներմիութենական առևտրի ընթացքում պահանջվող փաստաթղթերի կրճատման և ԱԱՀ գանձման մեխանիզմի դյուրացման ուղղությամբ։ «Իհարկե, բիզնես համայնքը լավ հասկանում է, որ ԵԱՏՄ-ի ձևավորումը՝ անկախ ստեղծված բացասական պայմաններից, արագ արդյունք տալ չի կարող։ Ժամանակ է հարկավոր, որ ԵԱՏՄ-ն կյանքի կոչվի իր ողջ ներուժով»,- նշել է Ղազարյանը։ Զեկուցողի խոսքերով, Հայաստանի արդյունաբերողները պատրաստ են համագործակցության զարգացմանը, մեր երկիրը որոշակի ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության և դեղագործության ոլորտներում, թեթև արդյունաբերության մեջ և այլն։
Տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը, ում զեկույցը ներկայացվել է կազմակերպիչների կողմից, ԵԱՏՄ հիմնական խնդիրը տեսնում է նրա մեջ, որ նույնիսկ ԵԱՏՄ հիմնադիր երեք երկրների կազմակերպությունները մինչև այժմ ավելի շատ մրցակցում են, քան համագործակցում։ Տնտեսվարող սուբյեկտները, ձեռնարկություններն ավելի շատ ձգտում են դուրս մղել միմյանց շուկայից։ Նա անհրաժեշտ է համարում ստեղծել այնպիսի ձևաչափ, որը կպահանջի ոչ միայն ուղղակի համագործակցություն, այլև ազգային մրցակցային առավելությունների համադրում, ինչպես նաև կարևորում է համատեղ ձեռնարկությունների ստեղծումը՝ ԵԱՏՄ տարբեր երկրների մասնաբաժնային մասնակցությամբ։ «Հայաստանի գործարար համայնքը պետք է աշխարհին ներկայացնի մրցունակ գիտական միտք և գիտելիքահեն արտադրանք։ Միասնական թվային տարածքի ձևավորումը միության ներսում կատալիզատորի դեր կխաղա տնտեսական ինտեգրման և սպառնալիքների մեղմման գործընթացում»,- ասվում է նրա զեկույցում։
Աշոտ Թևիկյանն անդրադարձել է արդյունաբերության զարգացման և ազգային անվտանգության հարցերի հատմանը։ Նրա խոսքերով, ներկայիս իրավիճակում ազգային անվտանգությունը մեծ դեր է խաղում տնտեսության զարգացման գործընթացում։ Սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորումը նույնպես ազգային անվտանգության կարևոր խնդիր է։ Թևիկյանն ուշադրություն է հրավիրել ֆինանսական համակարգի անկախացման, նպատակային կրեդիտավորման, տնտեսության զարգացման համար ռազմավարական կառավարման համակարգի ձևավորման, ինչպես նաև տեխնոլոգիական արդիականացման և նորարարական ակտիվության անհրաժեշտության վրա։ Նրա խոսքերով, «Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում իրական հնարավորություն ունի մասնակցելու այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք կապված են բարձր տեխնոլոգիական արտադրանքի հետ»։
Սոցիոլոգ Սամվել Մանուկյանը ՀՀ արդյունաբերության զարգացման խոչընդոտների թվում առանձնացնում է ժողովրդագրական խնդիրն ու արտագաղթը։ Հայաստանում արտագաղթի խնդիրը լուծելու համար նա առաջարկում է «սկսել պետության աջակցությամբ իրականացնել Հայաստանի տնտեսության տեղափոխում ավելի բարձր մակարդակի՝ միջին և մանր բարձրտեխնոլոգիական բիզնեսի զարգացման միոջոցով»։ Նա նաև պատմել է Հայաստանի մանր և միջին բիզնեսի՝ Ռուսաստանի հետ համագործակցության խթանման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Մանուկյանն առաջարկել է Հայաստանի կառավարության հովանու ներքո անցկացնել բարձր տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող ռուսական որոշ խոշոր ընկերությունների ներկայացուցիների և մասնագետների ու Հայաստանի մանր և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումներ և այլն։
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանի խոսքերով, այս կոնֆերանսի արդյունքները, զեկուցողների առաջարկներն ու գաղափարներն ամփոփվելու են քաղաքական ամփոփագրի տեսքով և ներկայացվելու են ՀՀ և ՌԴ համապատասխան նախարարություններ, որպես խորհրդատվություն արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման համար։
Սկզբմզղբյուր www.armedia.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել