Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ. Սերժ Սարգսյան

24 դեկտեմբերի 2015 | | Լուրեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից դեկտեմբերի 23-ին Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել նրանց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է. «Հարգելի՛ գործարարներ,

Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում: Մենք ավանդաբար հանդիպում ենք յուրաքանչյուր տարեվերջին, որպեսզի ամփոփենք անցնող տարին և հաջողություն մաղթենք ձեզ գալիք բոլոր նախաձեռնությունների իրականացման ճանապարհին:

Առաջին հերթին, իհարկե, հակիրճ խոսենք, թե ուր ենք հասել:

Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանի իշխանությունները մշտապես առանձնացել են իրենց տնտեսական կարգապահությամբ: Այս առումով մենք շահեկանորեն տարբերվել ենք շատ-շատերից, քանի որ խուսափել ենք արկածախնդրությունից և չհիմնավորված քայլերից: Ավելին, Հայաստանը մշտապես առանձնացել է կայուն մակրոտնտեսական ցուցանիշներով, հենց այդ պատճառով էլ միջազգային ֆինանսական հաստատությունները Հայաստանը մշտապես գնահատել են որպես կայուն ու վստահելի գործընկեր:

2015թ. աշխարհի տնտեսական զարգացումները նշանավորվեցին բազում բացասական երևույթներով: Տարվա ընթացքում հումքային ապրանքների՝ այդ թվում նավթի և մետաղների գները շարունակեցին դրսևորել նվազման միտում, գլոբալ կապիտալի շուկաներում և հատկապես Ասիական տարածաշրջանում տեղի ունեցան կարճաժամկետ ցնցումներ, զարգացող երկրների արժույթների փոխարժեքները ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակեցին արժեզրկվել՝ հանգեցնելով բարձր գնաճային միջավայրի ձևավորման, իսկ որոշ երկրներում տեղական արժույթները մեկ-երկու օրվա ընթացքում թռիչքաձև ճշգրտվեցին՝ հանգեցնելով ներքին ֆինանսական շուկաներում խուճապի: Այս ամենը զուգորդվեց նաև աշխարհաքաղաքական հակամարտությունների սրացումներով և «տնտեսական պատժամիջոցների պատերազմի» շարունակականության դրսևորումներով:

Արտաքին աշխարհի վերոնշյալ զարգացումների պարագայում ապահովել մակրոտնտեսական կայունություն՝ ի դեմս ցածր գնաճային միջավայրի և հարաբերականորեն կայուն ազգային արժույթի, ինչպես նաև գրանցել տնտեսական աճ, ակնհայտորեն, դյուրին գործ չէ: Այնուամենայնիվ, 2015 թվականի տնտեսական զարգացումների 11 ամսվա փաստացի ցուցանիշները հուշում են, որ ներդրված ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է մեր երկրի տնտեսական միջավայրը հնարավորինս զերծ պահել արտաքին աշխարհից եկող բացասական ազդակների պատճառով էական ցնցումներից: Այսպես՝ 2015թ. հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.9%՝ այն դեպքում, երբ տարվա սկզբին փորձագետներն ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում նաև բացասական տնտեսական աճի ցուցանիշ: Աճեր են գրանցվել արդյունաբերությունում՝ 4.6%, գյուղատնտեսությունում՝ 11.6%, ծառայությունների ոլորտում, իհարկե, առանց առևտրի՝ 3.0%: Տասներկուամսյա գնաճի ցուցանիշը, այսինքն՝ գների մակարդակը նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կազմել է 1.9%, իսկ միջին գնաճը՝ 4.1%, այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձերն աճել են 8.5 տոկոսով, այն դեպքում, երբ այն եզակի ժամանակներից է, երբ պետական հատվածի աշխատավարձերն ավելի առաջանցիկ են աճել, քան մասնավոր հատվածինը: Մենք 8.5% տոկոս աշխատավարձի աճի պայմաններում ունենք 9.7% աճ պետական հատվածի աշխատավարձերի պարագայում: Պետք է փաստել նաև, որ այս զարգացումներն ուղեկցվել են արժութային շուկայում հարաբերական կայունությամբ. դրամի միջինի ամսական փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2015թ. դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի միջինի համեմատ արժեզրկվել է 4.4%-ով: Ընդ որում, կարևոր է նշել այն, որ փոխարժեքի նման վարքագիծը համահունչ է եղել տնտեսական հիմնարարների վարքագծին, և մակրոտնտեսական քաղաքականության պատասխանատուներն իրենց կշռադատված գործողություններով չեն ստեղծել փոխարժեքի արհեստածին մակարդակ և ապագայում կտրուկ ճշգրտման վտանգ:

Սա է ներկա պատկերը: Իհարկե, շատ երկրներ ուրախ կլինեին այսպիսի ցուցանիշներ արձանագրելով, սակայն մեր բացարձակ թվերը բարձր չեն, ուստի և մենք մեզ ներկա ցուցանիշներով բավարարված համարել չենք կարող: Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ, որը չի լինի խոցելի արտաքին բացասական ազդակներից: Միայն այդ կերպ մենք կգտնենք և կզբաղեցնենք մեր արժանի տեղը համաշխարհային տնտեսության մեջ:

Անցած տարի մենք շարունակել ենք բարեփոխումների ակտիվ իրականացման քաղաքականությունը, ինչը չի վրիպել միջազգային կառույցների ուշադրությունից: Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնեսի» արձանագրումով Հայաստանը 3 կետով առաջ է շարժվել և 189 երկրների շարքում զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը: Վերջին տարում բարեփոխումների քանակով Հայաստանն ընդգրկվել է ուսումնասիրված երկրների 14 տոկոսը կազմող երեք կամ ավելի բարեփոխումներ իրականացրած տնտեսությունների շարքում:

Հայաստանը նաև առաջընթաց է արձանագրել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Մարդկային ներուժի զարգացման» և Համաշխարհային տնտեսական համաժողովի «Համաշխարհային մրցունակություն» ցուցանիշում:

Իրականացվող տնտեսական քաղաքականության շրջանակներում, իմ կարծիքով, կարևորագույն աշխատանքը միտված է եղել արտահանման խրախուսմանը: Այս ուղղությամբ արդեն լավ հիմքեր ենք դրել, և դրա արդյունքներն արդեն իսկ տեսանելի են: Գալիք տարվա ընթացքում պետք է հետևողականորեն շարունակենք մեր աշխատանքն այս ուղղությամբ:

Կառավարությունը, անշուշտ, մասնավոր ընկերությունների արդյունավետության ուղղակի պատասխանատուն չէ, սակայն կարող է և պարտավոր է նախադրյալներ ստեղծել դրա բարելավման համար: Այստեղ դեռ շատ անելիքներ ունենք և աշխատելու ենք մեծ ճշգրտությամբ: Հանքարդյունաբերություն, սննդի արտադրություն ամենալայն իմաստով՝ ներառյալ ողջ գյուղատնտեսությունը, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահական և կրթական ծրագրերի արտահանում՝ սա ոչ լրիվ ցանկն է բոլոր այն ոլորտների, որոնցով թե՛ իշխանությունները, թե՛ մեր գործարար հանրությունը ջանք ու եռանդ չպետք է խնայեն նոր գաղափարների ու նոր ծրագրերի իրականացման համար: Մենք նոր հնարավորություններ ենք ստեղծել առաջ գնալու համար և միասին պետք է առավելագույնս իրականացնենք այդ հնարավորությունները:

Հարգելի՛ գործարարներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Մաղթում եմ սեր և համերաշխություն ձեր ընտանիքներին, հաջողություններ՝ ձեր ձեռնարկներին: Վստահ եմ, որ դուք ունակ եք ամենահամարձակ ծրագրերն իրականացնելու և առաջ տանելու»:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center