«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը

29 ապրիլի 2015 | | | Լուրեր, 2015

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը

– Պարոն Ղազարյան, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 28,5%-ով անկում է ապրել: Ինչի՞ արդյունքում եղավ այդ աննախադեպ անկումը, և նման անկման պայմաններում այսօր ի՞նչ վիճակում է հայտնվել հայաստանի առևտրաշրջանառությունը:

– Գործոնները տարբեր են: Բայց պատճառը արտաքին շուկաներում տիրող իրավիճան է և առաջին հերթին Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներն են, որոնք ուղղակի հարվածեցին ռուսական շուկային, շուկայի վճարողունակությանն ու գնողունակությանը: Խաթարվեց գնային քաղաքականությունը, տարադրամի և ռուսական ռուբլու տատանման պատճառով վճարումները կանգնեցին: Եվ հունվար-փետրվար ամիսներին մեր պլանավորած արտահանումները՝ հատկապես դեպի այդ շուկա գրեթե ամբողջովին զրոյական են դարձել: Բայց մարտ ամսից որոշակի աշխուժացում է սկսվել, կա որոշակի կայունացում, իրենք անորոշությունից են ազատվում, և այդ շուկայում մեր մշտական ներկայացուցիչները սկսեցին վերակնքել իրենց պայմանագրերը: Ռեալ հույս կա, որ տարվա կեսից մենք կվերականգնենք ծավալների այն քանակը, որը ունեցել ենք, և որը նախատեսում էինք մեծացնել ԵՏՄ-ին անդամակցությամբ:

Ցավոք, ԵՏՄ-ին անդամակցելն ու ՌԴ շուկայի ֆինանսատնտեսական կոլապսը համընկան: Նաև պետք է նկատի ունենանք, որ ռուսական շուկայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները բումերանգի նման հարվածել են նույն Եվրոպային, հատկապես Հարավարևելյան Եվրոպային, Ուկրաինային: Այո, ապրանքաշրջանառության մեջ ունեցել ենք բավականին լուրջ անկում, և միայն հանքարդյունաբերությունն է, որ շարունակել է նախկին տեմպերով իր ծրագրերը չկանգնեցնել: Այդ ծրագրերն ունեն հեռանկարային 20-25%-ի զարգացում: 2014թ. համեմատ՝ 2015թ. 15 տոկոսով ավելի պղնձի խտանյութ է արտադրվելու և արտահանվելու:

– Իսկ արտահանումը միայն Ռուսաստանի ուղղությա՞մբ է անկում ունեցել, թե՞ դա գրանցվել է բոլոր ուղղություններով:

– Մեր շուկայի արտահանման ռեալ մասը ԱՊՀ տարածքն էր՝ Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս: Եվ այս շուկայում գոյություն ունեցող օբյեկտիվ վատթարագույն մեսիջները մեր շուկայում բերեցին սպասողական վիճակի խորացման, տեղական ներդրումները որոշակի դանդաղ ռեժիմով են արվում, դրամի փոխարժեքի տատանման պատճառով բանկային համակարգում վարկավորման տոկոսադրույքն է բարձրացել: Դա նույնպես օբյեկտիվ պատճառներ ունի՝ այսօր Հայաստանը չի կարողանում էժան ռեսուրսներ հայթայթել, հարևանների և աշխարհի վիճակն է վատ: Եվ այդպիսով, առաջին եռամսյակում ունեցանք նման անկում: Բայց իմ հաշվարկներով տարվա վերջին այս անկումը կվերականգնենք, թեև էական աճ չենք ունենա: Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, մեր Կենտրոնական բանկը տալիս են տնտեսական աճի տարբեր գնահատականներ, որոնք տատանվում են 1-2 տոկոս անկման սահմաններում: Բայց, կարծում եմ, կլինի աճ՝ 3, թե 1 տոկոս, դա էական չէ: Այս տարի պետք է համարենք նախկին տեմպերի վերականգնման, սպասողական տարի, վերադասավորման ու վերազինման, նաև նոր շուկաների փնտրտուքի տարի:

– Փաստորեն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո էլ Հայաստանը նոր շուկաներ գտնելու համար պետք է այլ ուղղություններ գտնի:

– ԵՏՄ-ին անդամակցելը մեզ տալիս է հոյակապ իրավական դաշտ՝ ունենալ խոշոր առավելություն, ունենալ կապիտալի ազատ հոսք, այդ շուկաներից մեզ մոտ ներդրումների մեծացում: Բայց դա այսօր կանգնած վիճակում է, նրանք վերաարժեքավորում են իրենց տնտեսությունները, իրենց պոտենցիալն ու ներդրումներն էլ են նվազել: ԵՏՄ-ն այդ առումով խիստ կարևոր է, պարզապես պետք է սպասել: Բայց սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ պետք է արտաքին տնտեսական կապերը դիվերսիֆիկացնել: Մենք այսօր մեր գործընկերներին հորդորում ենք, քննարկումներ ենք անում, գործարար ֆորումներ ենք կազմակերպում, որ իրենց պոտենցիալ մրցունակ ապրանքները ԵՏՄ-ին զուգահեռ արտահանեն նաև եվրոպական, հեռավորարևելյան, աֆրիկյան շուկաներ:

– Արտահանման նվազումը կապվում է արտաքին շուկաների անվճարունակության հետ, ի՞նչն է ներմուծման գրեթե աննախադեպ՝ 30.5 տոկոս անկման պատճառը:

– 2014թ. մենք սպասումների մեջ էինք, թե շուտով կմտնենք ԵՏՄ, և պետք է սովորել այդ շուկայի հետ աշխատել: Մեր շատ ներդրումներ կիսասառեցված վիճակում սպասում էին: Տարվա վերջին դրամի կտրուկ և անկառավարելի ցատկերը բավական լուրջ տագնապ առաջացրին, գնողունակության նկատմամբ վերաբերմունքը փոխվեց, մարդիկ աշխատում են փողից չազատվել, գնումներ քիչ անել, խնայողական ռեժիմի մեջ մտնել: Շուկան պետք է ապրանք և ծառայություններ գնի, բայց մարդիկ զսպում են իրենց: Մեզ մոտ առաջին հերթին վախն է պատճառը: Երկրորդ՝ հսկայական է հատկապես ՌԴ-ից տրանսֆերտների կրճատումը: Անհատական տրանսֆերտները, որոնք գալիս էին ընտանիք և շուկայում վերածվում էին գնողունակության: Մեզ մոտ, Ադրբեջանում, Վրաստանում նույնն է: Վրաստանում նույնպես կա տրանսֆերտների կրճատում, լարիի արժեզրկում: Ընդ որում՝ ավելի մեծ տոկոսով, քան մեր դրամն է արժեզրկվել: Շուկաները միմյանց հետ խիստ կապված են, և խոշորի ազդեցությունը փոքրի վրա շատ արագ է տեղի ունենում: Սա է պատճառը, որ մենք ունենք նաև ներկրման տեմպերի անկում:

Շուկան կվերականգնվի, եթե հստակ հասարակական-քաղաքական նվնվոցից ազատվի: Մենք ավելի շատ ենք բարդացնում, քան թե իրական տնտեսության մեջ է առկա: Ասում են՝ ՀՆԱ-ն 7 տոկոսով չաճեց, ինչու կառավարությունը չեն փոխում, որ աճը 2-3 տոկոս եղավ, մենք աղետի առաջ ենք կանգնելու: Ոչ: ՀՆԱ-ի աճը շատ կարևոր է, իսկ այդ տոկոսները, միևնույն է, կենսամակարդակի կտրուկ աճ չեն ապահովելու: Մեզ համար կարևոր է, որ բյուջետային համակարգը կաթվածահար չլինի: Բյուջետային համակարգի աշխատավարձերը, թոշակները ժամանակին տրվեն, մեր բանակի անվտանգությունը պահպանվի: Մնացածն անցողիկ է:

Աղբյուր www.1in.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան• Աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական դրույթները պարզաբանող ձեռնարկ• Խորհրդածություններ ազգային ինքնության մասին• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը• «Հայ և իրանցի գործարարներն անգամ լիարժեք չգիտեն միմյանց ներուժի ու կարողությունների մասին»․ ՀԱԳՄ նախագահ• Համագործակցության հուշագիր՝ ՀԱԳՄ-ի և Հայաստանի ներդրումային խորհրդի միջև• «Տնտեսության մեջ մրցակցայնության և արդյունավետության բարձրացումն անհնար է առանց առաջատար տեխնոլոգիաների կիրառման»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center