Եվրասիական միություն մտնելով` Եվրոպային չենք ուրանում

02 հոկտեմբերի 2014 | | Լուրեր, 2014

Հարցազրույց Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ

- Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների առաջին փուլի մասին հայտարարությունից հետո Դուք տեսակետ էիք հայտնել, որ դա Հայաստանի վրա առանձնապես ազդեցություն չի ունենա: Այժմ պատժամիջոցների երկրորդ փուլի հետ կապված ի՞նչ կարծիքի եք:

- Այս գործընթացը դեռ շարունակական է: Եվրոպայի և ԱՄՆ-ի պատժամիջոցները ՌԴ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ և դրա հետևանքների հետ կապված' առաջինը պետք է հասկանանք, թե ինչ հետևանք կունենա ռուսական շուկայի վրա: Այսօր՝ մեկ ամիս անց, պարզ դարձավ, որ դրամավարկային քաղաքականությունն է խաթարվում, բանկերի վիճակն է վատանում, դրա օրինակ է նաև ՌԴ ռուբլու կտրուկ արժեզրկումը, որն աննախադեպ չափերի է հասել: Ռուսական բանկերը չեն կարողանում պատժամիջոցների պատճառով վարկային միջոցներ ներգրավել միջազգային ֆինանսական ինստիտուտներից, իսկ դա շատ կարևոր է տնտեսությունը վերավարկավորելու համար:

Արդյունքում՝ որքան էլ ՌԴ քաղաքական ղեկավարությունը համոզված է, որ վնասները հաղթահարելի են, բայց այնուհանդերձ շուկան կորցնում է իր ճկունությունը, գնողունակությունը, ՀՆԱ աճն է կանխատեսվածից նվազում, շատ կարևոր գործոն է վառելիքի բորսայական գները, որ նույնպես իջնում են: Շատ լավ գիտեք, թե 2014թ. ՌԴ բյուջեն 1 բարելը ինչ թվի վրա է հաշվարկված, և արդեն այդ թվից ներքև է իջնում գինը, ու եթե մի քանի ամիս շարունակ այս միտումները պահպանվեն, էլ չեմ ասում' խորանան, ռուսական տնտեսությունը ստագնացիայի վիճակում կլինի: Իսկ ի՞նչ կլինի մեզ հետ:

Քանի որ ՌԴ-ն ոչ միայն ռազմավարական ու գեոպոլիտիկ, այլև՝ տնտեսական խոշորագույն գործընկեր է, մեզ համար շատ կարևոր է նրա առողջ վիճակը: Այսօր շատ արտահանող ձեռնարկություններ տարիներ շարունակ աշխատած իրենց գործընկերների հետ նկատում են, որ նրանց մոտ կա գնումների պասիվություն, երբ պետք է հակառակը լիներ, և տարին տարվա վրա աճ ցուցաբերեին, որոշակի նվազում կա: Այսօր նկատում ենք, որ աստիճանաբար նվազում են անհատական տրանսֆերտները: Իսկ մեր բյուջեում դա էական է, և մենք միշտ նշել ենք, որ արտագնա աշխատանքը կարևոր է, լավ է, քանի որ տրանսֆերտները գալիս են և հայկական շուկայում են իրացվում' ապրանքների և ծառայությունների ակտիվ իրացման տեսքով:

Հիմա, եթե այս պրոցեսները խորանան, բնական է, ՀՀ-ն չի կարող դուրս մնալ և կզգա ազդեցությունը, ինչպես եղավ համաշխարհային ճգնաժամի ժամանակ, երբ այդ ալիքը դանդաղ, բայց եկավ-հասավ մեզ, և 2 տարի պահանջվեց, որ դուրս գանք: Հիմա սա մեզնից չկախված, ֆորսմաժորային գործոնների նման է, որ ալիքը կրկին կարող է գալ և մեր ծրագրած զարգացումներին խաթարել: Ի՞նչ կարող ենք անել' ուղղակի ճկուն լինենք և պակասը լրացնենք, օրինակ՝ քանի որ սանկցիաները վերաբերում են նաև եվրոպական խմիչքների արտահանմանը Ռուսաստան, փորձել այդ նիշաները նույնիսկ վատ շուկայի պայմաններում լրացնել:

Իմ կարծիքով՝ գլոբալ բացասական գործոնների առկայության պայմաններում մեր այսօրվա գերխնդիրը տնտեսության մեջ մենեջմենթի որակի բարձրացումն է, որ կարողանանք ճկունորեն դուրս գալ: Օրինակ՝ անցած օրը մեզ հետ կապի մեջ էր մտել ռուսական խոշոր ընկերություն, որը «Ջերմուկ» է ներկրում ՌԴ, և 1 շաբաթ է' բանակցում է տրանսպորտի գինը իջեցնել, որ կարողանան մրցել:

Եվ, ուզենք-չուզենք, լուծումներ պետք է գտնենք, որովհետև մեր խոշորագույն պատվիրատուներից է: Այսինքն, ելնելով շուկայի այսօրվա փոխկապակցված շղթաներից, ՀՀ գործարարները պետք է ոչ ավանդական լուծումների գնան, մեծացնեն իրենց ապրանքային վարկավորումը ռուսական գործընկերներին, հասկանան, որ ժամանակավորապես շահութաբերության աստիճան պետք է նվազեցնեն, որ այդ շուկան իրենց ծավալներ ապահովի, փորձեն արտահանման խթանման մեխանիզմներ գտնել այս պարագայում:

Ինչքան շուտ մտնենք Եվրասիական տնտեսական միություն, այնքան այս գործոնները մեզ վրա ավելի դրական կազդեն, և կճկունանանք, քանի որ այս սպասողական վիճակը խիստ խանգարում է: Եվ ամփոփելով՝ ինչքան էլ հայկական շուկան փոքր է, ինչքան էլ շրջափակված, փակուղային երկիր ենք, այնուհանդերձ, կյանքը ցույց է տալիս, որ մենք համաշխարհային շուկայի մասնիկ ենք, և տարբեր տեղեր իրականացվող գործընթացները՝ դրական կամ բացասական, ուղղակի ազդեցություն են թողնում մեզ վրա:

Սա գլոբալիզացիայի արդյունք է: Եվ նաև փորձենք, ինչքան էլ արտառոց կթվա միտքս, այս պայմաններում, երբ ռուսական բանկային համակարգը խեղճանում է, մենք ռուսական կապիտալի համար դառնանք հարթակ, որտեղ նրանք շնչելով կկարողանան աշխատել: ՀՀ-ն պետք է փորձի իր դերը բարի իմաստով շահարկել, ծառայություն մատուցել, օրինակ՝ գյուղմթերք շատ տանենք, ինչպես թուրքերն են դա անում: Հունվարի 1-ից, հույս ունենք, լինելու ենք միասնական տնտեսական համակարգի մեջ, և նրանց օգնելով' օգնենք մեզ:

- Չխոսեցիք Եվրոպայի վրա պատժամիջոցների ազդեցության մասին, քանի որ գրեթե բոլոր վերլուծաբաններն էլ նշում են, որ սուրը երկսայր է: Եվ, ըստ էության, Հայաստանը հայտնվում է երկու մուրճի արանքում:

- Իհարկե, Եվրոպան ինքն էլ տուժում է: Այսօր եվրոպական արդյունաբերությունը՝ թե՛ մեքենաշինությունը, թե՛ ծանր արդյունաբերությունը, թե՛ գյուղմթերքի վերամշակումը, տուժում է, որովհետև իրենց հսկայական շուկան իրենց իսկ պատժամիջոցների պատճառով փակվեց: Եվրոպայում էլ կսկսվեն ներքին բունտեր, բողոքներն արդեն կան, այսինքն' եվրոպական սանկցիաները երկուստեք են վնասելու, և դա կրկին ազդելու է մեզ վրա:

- Դա նոր խորը ճգնաժամի սկի՞զբ է:

- Նոր ճգնաժամի նախադուռ է: Իմ կարծիքով՝ քանի որ, ինչպես տեսնում ենք, այս ակտիվ ռազմական գործողությունները սառեցվեցին, և բանակցային գործընթացներ են սկսվում Մոսկվայի ու Կիևի միջև միջնորդների մասնակցությամբ, կգա ժամանակ, որ պատժամիջոցները կհանեն, քանի որ դրանք շաղկապված են ուկրաինական վիճակի հետ: Եվ, վերջին հաշվով, ինչքան էլ ուկրաինական բանակի համար գնում են սովետական ժամանակների տիպի վատնիկներ, որ զինվորները ձմեռը չսառեն, բայց ձմեռը 2-3 ամսից սկսվելու է, և գազի կտրուկ նվազումը Եվրոպայում բոլորին է սթափեցնելու: Ինձ թվում է, որ մինչև Ծննդյան տոներ այս պատժամիջոցների մի զգալի մասը կհանվի, որովհետև նրանք էլ են շաղկապված: Մեր գնալը ԵՏՄ պատահական չէ, որովհետև այդ նույն շուկայի համար ամբողջ Եվրոպան է կռվում:

- Քաղաքական առումով, այս դեպքում, երբ ՌԴ նախագահ Պուտինի վարկանիշը մի կողմից' անկում է, մյուս կողմից՝ ոմանց մոտ բարձրանում, ինչքանո՞վ է հավանական, որ ԵՏՄ-ն ի վերջո կկայանա, և ՀՀ-ի մտնելն այս պայմաններում ինչքանո՞վ է ճիշտ:

- Ակնհայտ է, որ ՀՀ անդամակցությամբ շահագրգռված են ՀՀ-ն և ՌԴ-ն:

- Բայց արդյոք Ռուսաստանն իսկապե՞ս շահագրգռված է:

- Դա ակնհայտ է, իր բոլոր քաղաքական հարթակներով՝ նախագահից մինչև վարչապետ, ստորագրված ու համաձայնությունը տրված է, բայց քանի որ սա միություն է, մենք պետք է ունենանք ևս 2 հնարավոր դաշնակցի համաձայնություն: Տեսնենք' հոկտեմբերի 10-ին ի՞նչ կլինի: Մի ժամանակ ես շատ համարձակ էի ասում՝ շուտով կանդամակցենք, բայց հիմա սպասենք-տեսնենք: Մեզ ինտեգրվել համակարգում պետք է, ՀՀ-ն առանց ինտեգրման չի կարող զարգանալ, և շատ ճիշտ է մեր քաղաքական ղեկավարությունը, որ փորձում և կարողանում է «և-և»-ի քաղաքականությունը: Եվրասիական միություն մտնելով' Եվրոպային չենք ուրանում, եվրոպական ինտեգրումը նոր բանաձևով ենք փորձում խորացնել: Եվ դա ճիշտ է: ՆԱՏՕ-ում էլ ՀՀ նախագահի ելույթը շատ հստակ դրա մասին էր: Ոչ միայն մեր ռազմաքաղաքական խնդրի՝ Արցախի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ կապված, այլև տնտեսական իմաստով: Մեր փրկությունն ամուր լինելն է, մեր փրկությունը կոմպլեմենտար քաղաքականությունն է, և սա է մեր կոչումը: Եվ այսօր ռուսական կապիտալը խելոք լինի' կլցվի Հայաստան:

- Մինչ օրս ռուսական կապիտալն այնքան էլ չի ձգտել դեպի Հայաստան: Ուղիղ ներդրումները շատ քիչ են:

- Մեր լուրջ, խոշոր ճյուղերը, որտեղ կարելի էր ներդրումներ անել՝ էներգակիրներն են, հեռահաղորդակցությունը, ատոմակայանը, որտեղ ռուսական կապիտալն է:

- Իսկ «Գույք' պարտքի դիմա՞ցը»:

- «Գույք' պարտքի դիմացով» տրվել են 100 ձեռնարկություններ, որոնց մեջ ո՛չ գազը, ո՛չ էլցանցերը չէին մտնում: Ցավոք, «Գույք' պարտքի դիմացից» միայն մի քանիսն են սկսել աշխատել:

- Պատժամիջոցների հետ կապված տեսակետ կա, որ Եվրոպա-Ռուսաստան հակամարտությունն ավելի շատ սրում է ԱՄՆ-ը՝ միաբևեռ կառավարման գաղափարից, ֆինանսական շահից ելնելով: Ձեր տեսակետը ո՞րն է:

- Ես չեմ ուզում նացիոնալ շովինիզմից պրոբոլշևիզմի մեջ ընկնել, որովհետև բոլորս էլ այդ սրված պայքարի ժառանգներն ենք եղել, տեսել ենք' ինչ բան է սառը պատերազմը, ինչ բան է քաղաքականացված «Время»-ն և ինչ բան է քաղաքականացված «CNN»-ը, որտեղ օբյեկտիվ ինֆորմացիա չկա: Այն հանգամանքը, որ գլոբալ քաղաքականությունում ԱՄՆ-ը աշխարհի խոշորագույն ներդրողը և բոլոր միջազգային կառույցների հիմնադիրն ու հիմնական դոնորն է, բնական է, որ այնտեղից է գալիս: Բայց Եվրոպան էլ պետք է այնքան խելոք լինի, որ իր շահերը հասկանա:

- Հիմա, եթե Հայաստանը ՌԴ-ի համար դառնա հարթակ, միջնորդ կամ աջակից, ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ի հանդեպ վտանգ չե՞ք տեսնում:

- Հայաստանն այն խաղացողը չէ, որ փորձեն «պատժել» կամ խտրական մոտենան, որովհետև մենք ՌԴ-ի հետ ենք: Մենք վաղուց ենք ՌԴ-ի հետ, վաղուց հիմնադիր անդամ ենք ՀԱՊԿ-ում:

- Այդ դեպքում ԱՄՆ դեսպանի զգուշացումներն ինչի՞ն էին վերաբերում:

- Դեսպանի զգուշացումները խորհուրդ էին տալիս հայկական ձեռնարկություններին' չաշխատել այս-այս ռուսական ձեռնարկությունների հետ: Բայց խորհուրդ տալով' չէին ասում՝ մենք գազ որտեղի՞ց վերցնենք, էլեկտրականություն որտե՞ղ արտադրենք: Եթե ռուսական 3 խոշոր բանկերը ՀՀ-ում արդյունաբերություն են ֆինանսավորում, օրինակ՝ ՎՏԲ-ն Թեղուտի հսկայածավալ ծրագիրն է վարկավորում, և հանքարդյունաբերության գիգանտ ենք ունենում, տեղն ի՞նչ են առաջարկում: Դեսպանի ասածն ի՞նչ իմաստ ունի մեզ ուղղելու, եթե այլընտրանք չունենք: Ընդհակառակը՝ պետք է հասկանան, որ մենք թշնամական հարևաններով շրջապատված երկիր ենք, մի հարևանը ՌԴ-ի հետ է թշնամանքի մեջ, մի այլ հարևանը՝ ԱՄՆ-ի, և ՀՀ-ին ուղերձ են հղում: Այն ժամանակ էլ ասում էին՝ Իրանի հետ մի աշխատեք, Իրանին ուրացեք: Փառք Աստծո, այնքան խելոք գտնվեցինք, որ մեր հարևանի հետ պահպանեցինք հարգալից համագործակցային հարաբերությունները, և Իրանը դա գնահատեց: Մենք հո չե՞նք կարող այս 3 մլն ժողովրդին վերցնել և գնալ Մոզամբիկում (մի ժամանակ ասում էին' նման ծրագիր կա) Հայաստան ստեղծել:

- Նաև խոսք կա, որ քանի որ ԵՏՄ-ն Պուտինի նախագիծն է, նրանից հետո ամեն ինչ կարող է քանդվել, Նազարբաևն էլ դրա հիմքերն արդեն դնում է:

- Դու երիտասարդ ես, չես հիշի, ես մի քիչ ավելի ավագ սերունդ եմ: 80-ականների կեսից, երբ ԽՍՀՄ-ը սկսեց վերակառուցման գորբաչովյան քաղաքականությունը, և կապիտալիզմի ծիլեր երևացին, մեզնից ոչ ոք իր ոչ մի մարգարեական երազում, ես վստահ եմ՝ մեր մարգարեներից նույնիսկ Պարույր Հայրիկյանը, այդ ժամանակ՝ 86-88 թվականներին, չէր կարող երևակայել, որ ԽՍՀՄ-ը կարող է քանդվել՝ շատ թեթև մի գրչի հարվածով: Այսինքն՝ այսօր մարգարեական եզրակացություններ անել, թե Պուտինից հետո ինչ կլինիգ նախ՝ Պուտինը երիտասարդ, առույգ, առողջ կենսաձևով ապրող ծրագրային մարդ է, դեռ երկար կմնա քաղաքականությունում: Հետո' սա անձի հետ չի կապված: Արևմուտքն Արևելքի հետ նորից սկսել է համակարգային հակադրություն, որի ենթատեքստերում, իմ կարծիքով, չինական կայսրության մեծացումն է համաշխարհային տնտեսության մեջ, որ այսօր երկրորդն է դարձել, իսկ 2025-ին դառնալու է առաջինը: Այդ ամեն ինչի մեջ ՌԴ-ն է՝ ԵՏՄ-ով: Ինչ-որ մի բան գլոբալ աշխարհում փոխվում է, 2009 թ. սեպտեմբերի 11-ից հետո խառնվել է, շահերի, սահմանների ու տնտեսական հետաքրքրությունների վերադասավորումներ են գնում: Ծերուկ Եվրոպան էլ, որի հետ մենք էլ ենք կապված, մի ընտանիք ենք, պարոն Ֆյուլեն հանկարծ հիշեց՝ այսպես չի լինի, պետք է Ատլանտիկ օվկիանոսից մինչև Վլադիվոստոկ մի տնտեսական համակարգ ստեղծեն, ԵՄ-ն և ԵՏՄ-ն պետք է ունենան ազատ առևտրի ռեժիմ: Դրա համար ուկրաինական ժողովրդին պետք էր հասցնել ողբերգությա՞ն: Այսքան մարդկանց, որ արդեն զոհվածների քանակը չգիտեն, դիակները չեն նույնականացնում, թաղում են հազարներով: Այսօրվա համաշխարհային տնտեսության կառուցվածքը, շաղկապվածությունը և ինֆորմատիկան, որ ամեն ինչ գիտեն իրար մասին, կառավարելիությունը, այս աշխարհը չի կարող առաջվա պես հակադրվել, ստալինյան երկաթյա այս վարագույրներն այսօր ինչ-որ նոր ոճով գործի դնել չի լինի, բացառվում է:

Աղբյուրը՝ 168.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը• Գործարարները ներկայացրին «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իրենց նկատառումները• ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահությունը հաստատել է Միության տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման մասին ՀԱԳՄ առաջարկը• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց ռուսական «Բիզոն» միավորման պատվիրակությունը• Կարևոր է, որ իրականացվելիք ծրագրերը նախապես քննարկվեն գործարար համայնքի ներկայացուցիչների հետ․ ՀՀ ֆինանսների նախարար• Հայ և իրանցի գործարարները քննարկել են փոխգործակցության հնարավորությունները• ԵԱՏՄ Գործարար խորհուրդը կքննարկի Միության տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ հարցը• Երևանում բացվեց «Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին միջազգային ցուցահանդեսը• Երևանում կայացավ «Սիլիկոնային սարեր 2021» միջազգային տեխնոլոգիական երկրորդ գագաթնաժողովը

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center