«Քաղաքական ղեկավարության մոտ կա լուրջ գիտակցում, որ այս վիճակում մենք զարգացում չենք ունենա»

07 օգոստոսի 2014 | | | Լուրեր, 2014

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

- Պարոն Ղազարյան, Ամերիկայի և Եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ինչ բացասական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա:

- Այդ պատժամիջոցները միջազգային նորմերով շատ խիստ են, բայց նոր գործիք են, և դժվար է ասել, թե հենց ռուսական տնտեսության վրա ինչ արձագանք կունենան: Այն, որ ռուսական ֆինանսաբանկային համակարգը, հատկապես արտահանող արդյունաբերությունը, մետալուրգիան, ռազմական արդյունաբերությունը, որի որոշ բաղադրիչներ գալիս են Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, որոշակի կորուստներ կունենան, դա փաստ է: Բայց թե Հայաստանի վրա որքան կլինի դրա ազդեցությունը, ժամանակը ցույց կտա: Մենք պետք է պատրաստ լինենք նույնիսկ ամենաբացասականին: Բայց քանի որ մեր արտահանումը ռուսական շուկա մեզ համար մեծ, իրենց համար փոքր է, չեմ կարծում, որ զգալի վնասներ կրենք: Պարզապես մեր գործարարությունը, մեր մենեջմենթը պետք է պատրաստ լինի ճկուն արձագանքելու: Օրինակ' ՌԴ-ի հետ արտահանումն անել ռուբլով, ոչ թե դոլարով կամ եվրոյով, քանի որ նման դեպքում ռուբլին ավելի կառավարելի կլինի ներքին շուկաներում: Այսօր Եվրասիական տնտեսական միասնական շուկայում ռուբլով փոխադարձ վճարումների համակարգի թարմացման մասին են խոսում: Մեզ համար կարևոր է, և մենք ուշադրությամբ հետևում ենք, որովհետև միջազգային շուկան շատ փոխկապակցված է: Նույնիսկ մեր փոքր շուկան Եվրոպայի և ՌԴ-ի հետ հարաբերություններում զգայուն է: Եվ որքան շուտ այդ լարվածությունը թուլանա, այնքան մենք կունենանք քիչ բացասական ազդեցություն:

- Ձեր կարծիքով' ՀՀ կառավարությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, որ կարողանա մեղմել հնարավոր բացասական հետևանքները:

- Ավելի շատ տեղեկատվություն ստանալ ՌԴ-ից, բանակցություններ վարել, փորձել միասնական մեղմող բարձիկների համակարգեր մշակել: Բայց չպետք է գերագնահատենք մեր դերը, և քանի որ ՌԴ շուկայում մենք փոքր տեղ ունենք, բացասական ազդեցությունն էլ քիչ է լինելու: Հակառակը' մենք ՌԴ ենք արտահանում հիմնականում մթերք, վերամշակված գյուղմթերք, պտուղ-բանջարեղեն, խմիչքներ: Իսկ այսօր ՌԴ-ն հակադարձ պատժամիջոցներ է կիրառում ուկրաինական և մոլդովական ապրանքների վրա: Այսինքն' մեզ համար շուկայում ընդլայնվելու տեղ է բացվում, և եթե մենք լավ աշխատենք, ճիշտ կազմակերպվենք և ժամանակին արձագանքենք, այդ երկրների ցավը կդառնա հաջողության նախադուռ մեզ համար:

- Այս պահին Հայաստանն ունի՞ այդ հնարավորությունը, արտադրանքը, որ գրավի ՌԴ-ում Մոլդովայի և Ուկրաինայի բաց թողած շուկան:

- Դա կախված է մեր ձեռնարկությունների կազմակերպվածությունից: Ժամանակին մենք այդ շանսը լավ չօգտագործեցինք, երբ վրացական պտուղ-բանջարեղենը, գինին և հանքային ջուրը ՌԴ շուկայում արգելվեց: Ինձ թվում է, որ այսօր մեր գործարարներն ավելի ճկուն են, այդ էտապներն անցել են և իրենց գործընկերների հետ պետք է մեծացնեն պայմանագրային ծավալները:

- Հայաստանը հսկայական շուկա կարող է ունենալ նաև անմիջական հարևան Իրանում: Ինչո՞ւ չենք օգտագործում այդ հնարավորությունը:

- Մենք Իրանի հետ շուկա չունենք: Իրանը մեծ տնտեսություն է, 75 միլիոնից ավելի բնակչություն ունի, բայց փակ տնտեսություն է: Իրանը տարբեր մեխանիզմներով իր շուկան փակում է և միայն փորձում է խրախուսել տեղական արտադրությունը, ինքնաբավ լինել: Մենք, ըստ էության, Իրան արտահանում չունենք' բացի շատ քիչ քանակության մեքենասարքավորումներից, ժամանակին հաստոցներ էինք տանում: Մեր նախագահները, վարչապետները, նախարարները միշտ էլ բանակցությունների ժամանակ խոսում են, Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք, բայց իրենց համակարգն այդպիսին է, նրանց շուկան փակ է: Նրանք ասում են, եթե ուզում եք մեր շուկայում ծավալվել, հայ-իրանական համատեղ ձեռնարկություն ստեղծենք: Հակառակ պայմաններում, երբ մենք մտնում ենք նրանց շուկա, մեր ապրանքների ինքնարժեքը բարձր է լինում: Կարծես թե չի արգելել, բայց այնպիսի պայմաններ է ստեղծել, որ մրցունակ չես լինում և չես գնում այդ շուկա: Երբ Իրանը կբացվի աշխարհի առաջ, կժողովրդավարացնի իր տնտեսությունը, այն ժամանակ կունենանք շատ լավ, մոտիկ, մի քանի հարյուր դոլարով այնտեղ հասնող բեռնատար, և կդիվերսիֆիկացնենք մեր արտահանումը:

- Արևմուտքը եթե պատժամիջոցներ է կիրառում ՌԴ-ի նկատմամբ, կարծես թե փոխարենը մեղմացնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Այդպիսով այդ երկիրը կարող է բացել իր տնտեսությունը:

- Թե ինչ կլինի Իրանի հանդեպ, դա դեռ հարց է, բանակցություններ են ընթանում: Պատժամիջոցների թուլացման որոշակի միտումներ կան, բայց ավարտուն որոշումներ դեռ չկան: Մերձավոր Արևելքում շատ դինամիկ է փոխվում թե՛ քաղաքական կոնյունկտուրան, թե՛ շահերը, թե՛ իրավիճակը: Դժվար է ասել, թե ինչ կլինի: Մենք շատ շահագրգիռ ենք, որ Իրանի նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և այդ երկիրը դառնա համաշխարհային տնտեսության լիարժեք անդամ: Նույնիսկ եթե մենք այդ շուկա արտահանում չանենք, տարանցիկ երկիր կդառնանք, նրանք մեզ մոտ ներդրող կդառնան:

- ՌԴ-ն ու Իրանը նախօրեին տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համաձայնագրեր են կնքել: ՌԴ-ն մտադիր է Իրանից նավթամթերք, գորգ, գյուղատնտեսական ապրանք ներմուծել, փոխարենն արտահանել մեքենասարքավորումներ: Նշվում է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության մասին:

- Միշտ էլ ՌԴ-ն փորձել է Իրանի հետ ավելի մեծ ծավալներ ապահովել, բայց դա ավելի շատ արել է Թուրքիայի, քան թե այդ երկրի հետ: Թուրքական տնտեսությունն ավելի ճկուն ու բաց է եղել:

- Այժմ այդ երկու երկրներն ընդհանուր խնդիր ունեն՝ Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառում երկուսի նկատմամբ: Միգուցե դա առիթ հանդիսանա, և այդ երկրներն ավելի սերտ համագործակցեն: Եվ այդ համագործակցության մեջ ներառվի նաև մեր երկիրը:

- Մեր բոլոր հարևանները, այդ թվում' Իրանը, Վրաստանը, Ռուսաստանը, նաև վերապահումներով Թուրքիան, որքան ինտեգրված լինեն համաշխարհային տնտեսությանը, որքան նրանց մոտ տնտեսական զարգացումներն աշխույժ լինեն, այդքան այդ իրավիճակը մեզ շահեկան է: Այդքան մենք ունենում ենք շուկաներ, պոտենցիալ ներդրողներ և դառնում ենք տարանցիկ ծառայություններ մատուցող երկիր:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տնտեսական զարգացումները վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում: Ճիշտ է, 4 ամիսը քիչ է արդյունքները գնահատելու համար, բայց բավական է հասկանալու համար, թե ինչ զարգացումներ կարող են լինել: Վարչապետը հավասար պայմաններ ստեղծելու մասին խոստում տվեց:

- Վարչապետի քաղաքական հայտարարությունները կարծես թե սկսում են կիրառվել: Որքան մենք ուսումնասիրում ենք խոշոր բիզնեսի այն մասը, որ ստվերից դուրս էր, շատ արագ սկսում է հարկատու դառնալ և ծավալները մեծացնել: Վարչարարության ինչ-որ տեղ խիստ մեթոդները սկսել են հավասարաչափ կիրառվել: Բացի այդ, կառավարությունը մի քանի լուրջ բարեփոխումների փաթեթ է պատրաստում բիզնես մթնոլորտի աշխուժացման, ներդրումների համար նոր դաշտ ստեղծելու ուղղությամբ:

- Վարչապետը և հարկային ու ֆինանսական գերատեսչության ղեկավարը խոշոր սեփականատեր են: Նման պայմաններում հնարավո՞ր է գործարար միջավայրում հավասար խաղի կանոններ ստեղծել:

- Մեր քաղաքական ղեկավարության մոտ կա լուրջ գիտակցում, որ այս վիճակում մենք զարգացում չենք ունենա: Իսկ եթե բոլորս միջնորդավորված կամ ուղղակի սեփականատեր ենք, շահագրգռված ենք, որ շուկան աշխույժ լինի, որ մարդկանց ձեռքին գումար լինի, որ սպառողական շուկան աճի: Փոխկապակցված ենք իրար: Այս գիտակցումը կա, որ որակական փոփոխություն է պետք, այլապես բոլորս տուժելու ենք: Բայց քայլեր կան, և նկատում ենք, որ փոխկապակցված բիզնեսներն էլ սկսել են հարկեր տալ: Ինձ համար ամենակարևորն այն է, որ հավասարությունը պահպանվի: Սեփականատերը, սեփականատիրոջ խնամիները էական չեն, առավել ևս' եթե ներդրում են անում Հայաստանում: Ես դա խրախուսում եմ:

Աղբյուրը՝ 1in.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center