2015 թ ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միությունը Հայաստանը փորձելու է դարձնել նորաձևության միջազգային կենտրոն

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
ՀՀ թեթեւ արդյունաբերության գործատուների միության համանախագահներ Հովսեփ Պողոսյանն ու Սուրեն Բեկիրսկին այսօր խոսելով ՀՀ թեթև արդյունաբերության վերականգնմանն ուղղված իրենց ծրագրերի մասին' ներկայացրել են նաև առաջիկա 10 տարվա համար նախատեսված «Հայաստանի կոշիկի արտադրության ռազմավարությունը», «Հայաստանի տեքստիլ եւ տրիկոտաժի ոլորտի զարգացման ռազմավարությունը» եւ դրանցից բխող 2014-2016 թթ գործունեության ծրագիրը: Գործատուների միության համանախագահները հայտնել են, որ պետության աջակցությամբ և մասնավորի հետ համագործակցությամբ իրենց ծրագիրը կկարողանան ոչ միայն կյանքի կոչել, այլև նոր աշխատատեղեր ստեղծել:
2011 թվականից Հայաստանի արդյունաբերողների և գործատուների միության նախաձեռնությամբ գործող ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միությունը որոշել է անցնել կոնկրետ գործողությունների և պետության աջակցությամբ հզորացնել Հայաստանում գործող թեթև արդյունաբերության ձեռնարկությունները և հնարավորինս բարձրացնել նրանց մրցունակությունը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
ՀՀ թեթեւ արդյունաբերության գործատուների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանի տեղեկացմամբ' տևական բանակցությունների արդյունքում 2013 թվականի դեկտեմբերին պաշտոնապես հաստատվել են տասը տարվա համար նախատեսված «Հայաստանի կոշիկի արտադրության ռազմավարությունը», «Հայաստանի տեքստիլ եւ տրիկոտաժի ոլորտի զարգացման ռազմավարությունը» եւ դրանցից բխող 2014-2016 թթ գործունեության ծրագիրը, որով, ըստ էության, ավարտվել է ոլորտի վերականգնմանը միտված աշխատանքների առաջին փուլը: Իսկ արդեն այս տարվա փետրվարի 5-ին կառավարության և թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների միջև ստորագրվեց թեթև արդյունաբերության ոլորտի ռազմավարության իրականացման վերաբերյալ հուշագիր, որով էլ դրվեց այդ փաստաթղթերը կյանքի կոչելու սկիզբը:
Ծրագիրը բավականին խոստումնալից է, բայց միևնույն ժամանակ շատ ավելի բարդ, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ներկայում տեղական արտադրությունն իրականացնում են փոքր և միջին մոտ 6 տասնյակի հասնող ձեռնարկություններ, որոնք իրենց բազմաթիվ խնդիրները պետք է լուծեն, որպեսզի կարողանան դառնալ վերոնշյալ պետական ծրագրի լիարժեք կողմ կամ մասնակից: Այդ խնդիրներից առավել առաջնայիններն են շրջանառու միջոցների խիստ պակասը, հումքային բազայի անկանոն վիճակը, կադրերի պակասն ու կադրերի պատրաստման խիստ ցածր մակարդակը, համատեղ գործելու փորձի պակասը և այլն: Իհարկե թեթև արդյունաբերության գործատուների միությունը մշակել է նաև համապատասխան քայլեր այս խնդիրների լուծման ուղղությամբ, բայց այդ ճանապարհին բավականին կարևոր է նաև պետության դերն ու աջակցությունը, նշեց միության համանախագահ Սուրեն Բեկիրսկին, ով նկատեց, որ մեզ մոտ մի բանն է պրոբլեմատիկ, օրենք գրողներն ու ընդունողները այն գրում են միայն կատարողների համար:
Ի դեպ, միության համանախագահները նշեցին, որ 2015 թվականին պետության հետ միասին փորձելու են Երեւանում հավաքել ոլորտում գործող սփյուռքի հայ մասնագետներին' Հայաստանը նորաձևության միջազգային կենտրոն դարձնելու եւ հայկական բրենդի ստեղծման օրակարգով: Իսկ ներքին շուկայում հաջողության հասնելու համար Երևանում ստեղծելու են տեղական արտադրողների ապրանքների մշտապես գործող առևտրի կենտրոն և միայն տեղական արտադրողների ապրանքները վաճառող խանութների ցանց՝ ոչ միայն Երեւանում, այլեւ՝ մարզերում:
Աղբյուրը՝ armradio.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել