«Բաց երկնքում» ասեկոսեներ չեն լինի. հարցազրույց «Էյր Արմենիա»-ի տնօրենի հետ

30 հոկտեմբերի 2013 | | Լուրեր, 2013

«Էյր Արմենիա» ընկերությունը հոկտեմբերի 27-ին բացել է իր առաջին կանոնավոր ուղեւորատար չվերթը՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան: Ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմում է, թե ինչպես է պատկերացնում միջազգային ընկերությունների հետ մրցակցությունը «բաց երկնքի» քաղաքականության ներքո, որն օրերս հաստատել է կառավարությունը:

Սա ձեր առաջի՞ն ուղեւորատար չվերթն է:

Այո: Երեւան - Մոսկվա (Վնուկովո) – Երեւան չվերթը մինչեւ նոյեմբերի 15-ը գործելու է ամեն օր, այնուհետեւ՝ օրը երկու անգամ: Մինչ այդ մենք արդեն կունենանք չվերթներ 5 այլ երթուղիներ՝ Ռոստով, Կրասնոդար, Սոչի, Սանկտ-Պետերբուրգ, Սամարա: Դեկտեմբերից թռչելու ենք Եկատերինբուրգ եւ Մինվոդի, դիտարկվում են նաեւ որոշ այլ ուղղություններ: ԱՊՀ-ից դուրս՝ նոր տարվա նախաշեմին պատրաստվում ենք բացել թռիչք դեպի Դուբայ, իսկ 2014 թ. ապրիլից՝ եվրոպական քաղաքներ:

Ինքնաթիռների ինչպիսի՞ պարկ ունեք:

Այս պահի դրությամբ ունենք մեկ Boeing 737 եւ մեկ A320, մինչեւ եկող տարի կլինի եւս մեկ A320: Մինչ եկող տարվա ապրիլ կունենանք չորս օդանավ, իսկ ամռանը, կարծում ենք՝ կժամանի հինգերորդը:

Որքանո՞վ ձեզ ապահով կզգաք «բաց երկնքի» քաղաքականության ներքո: Պատրաստ եք մրցակցել արտասահմանյան խոշոր ընկերությունների հետ:

Մի առումով այն շատ օգտակար է մեզ համար. վերջապես կվերանան ասեկոսեները, թե մեզ ինչ-որ արտոնյալ պայմաններ են տվել, կամ մրցույթից դուրս երթուղու նշանակում տրամադրել: Այսօր, փառք Աստծո, ցանկացած ավիաընկերություն կարող է ստանալ երթուղու շահագործման իրավունք, եթե համապատասխանում է շահագործման կանոններին եւ օրենքով նախատեսված մի շարք այլ պայմաններին: Մրցակցությունը լինելու է դժվարին, բայց մենք կկիրառենք ոչ ստանդարտ մոտեցումեր: Արդեն սկսել ենք համագործակցություն Ռուսաստանի տուրիստական օպերատորների հետ՝ զբոսաշրջային փաթեթներ իրացնելու համար: Մի քանի այլ հետաքրքիր քայլեր եւս նախատեսվում են, դրանց մասին չեմ ուզում ասել նախապես. ամեն ամիս մի նորություն կլսեք:

Որքա՞ն վաղուց եք համագործակցում ռուսական տուրիստական օպերատորների հետ:

Երեկ մեր չվերթով ժամանել են դրանցից խոշորագույնների տնօրենները, որոնց համար կազմակերպել ենք ճանաչողական տուր՝ Ծաղկաձորին, Ջերմուկին, Երեւանին եւ Սեւանին ծանոթանալու համար: Հույս ունենք, որ մոտակա ժամանակներս ռուսաստանյան տուրիստներն ուղղակի կհեղեղեն Հայաստանը:

McKinsie-ի վերլուծության վրա, կառավարության գնահատականով՝ 5 օդանավ ունեցող փոխադրողը պիտի ունենա առնվազն 15-20 մլն դոլար սկզբնական կապիտալ եւ 35-40 մլն՝ որպես 3 ամսվա շրջանառու միջոց: Առկա՞ են նման միջոցներ:

Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչի վրա են հիմնված այդ հաշվարկները: Համապատասխան միջոցներ, իհարկե, ունենք, ոչ թե երեք ամիս, այլ ցանկացած ժամանակ անխափան փոխադրումներ իրականացնելու համար: Հույս ունենք, որ ֆինանսական պահանջները, եթե այդպիսիք ընդունվեն, կամա թե ակամա պատճառ չեն դառնա նրան, որ հայկական ավիաընկերություններ ընդհանրապես չլինեն:

Շահույթի մարժան էլ գնահատված է 2%' օպտիմալ կառավարման դեպքում…

Ընդհանրապես ավիաընկերությւնների մարժան ցածր է լինում. շուկայում բարձրագույն ցուցանիշը 7%-ն է: 2%-ն իհարկե հնարավոր է, բայց ոչ առաջին տարվա ընթացքում:

Կարեւորվում է նաեւ պետության աջակցությունը՝ գովազդային արշավների եւ օդանավակայանի կայանման վճարների նվազեցման ձեւով: Այս հարցերը քննարկե՞լ եք Քաղավիացիայի վարչության կամ էկոնոմիկայի նախարարության հետ:

Սովորաբար, ցանկացած նոր ուղղություն առաջին մի քանի ամիսն աշխատում է վնասով: Եթե ուշադրություն դարձնեք, 2003-13թթ. հայկական ավիափոխադրողի բոլոր նորաբաց չվերթները վնասով էին աշխատում եւ ժամանակի ընթացքում փակվել են: Պահպանվել էին միայն Հայաստանի համար ավանդական, ժամանակին զարգացրած երթուղիները: Նոր ուղղություն բացելը հեշտ բան չէ: Բերեմ օրինակ. Չինաստանը մեր երկրի համար ավանդական ուղղություններից չէ: Եթե պետությունն ուզում է, որ Չինաստանի հետ բացվի չվերթ եւ ավելանա ուղեւորահոսքը, ապա սպասարկող ընկերության վնասներն անհրաժեշտ կլինի ինչ-որ չափով փոխհատուցել:

Ինչ վերաբերում է օդանավակայանի կողմից տրամադրվող ծառայություններին, ապա ենթադրվում է, եւ կա նման պայմանավորվածություն, որ «բաց երկնքի» դեպքում թե՛ մեզ, թե՛ դրսի ընկերություններին կտրամադրվեն զեղչեր: Ակնկալվում է որ օդանավակայանային ծառայությունների գների նվազումը կնպաստի օդային փոխադրումների զարգացմանը եւ բարենպաստ կլինի բոլոր ներգարվված կողմերի համար:

Կցանկանայի՞ք կատարել ազգային փոխադրողի գործառույթներ՝ օրինակ, արտակարգ իրավիճակներում: Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ:

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) սահմանմամբ՝ որեւէ երկրի ազգային փոխադրող է համարվում փոխադրողը, որը ստեղծված եւ լիցենզավորված է այդ երկրում եւ գերազանցապես պատկանում է այդ երկրի քաղաքացիներին: Իսկ եթե խոսում ենք պետական ավիաընկերության մասին, դրա փորձը մեր պետությունն ունեցել է եւ համոզվել, որ պետությունը լավ կառավարիչ չէ: Հայաստանը, անկասկած, պետք է ունենա ազգային փոխադրող: Հեռու չգնանք՝ երկու տարի առաջ Սիրիայում պատերազմի ժամանակ հումանիտար օգնությունը տեղափոխում էր միայն եւ միայն «Էյր Արմենիա» ընկերությունը: Նույնիսկ այն պարագայում, երբ ապահովագրության արժեքներն անհամեմատ բարձրացան՝ հաշվի առնելով ռազմական ռիսկերը, մենք, միեւնույն է, դա իրականացրինք: Չգիտեմ՝ որքանով է դրան պատրատ որեւէ այլ ընկերութուն:

Չեմ կարծում, որ պետությունը կարող է հույս դնել, որ օտարերկրյա փոխադրողները կսկսեն գովազդել Հայաստանը որպես տուրիստական ուղղություն: Ամեն մի երկրի փոխադրող առաջին հերթին գովազդում է իր երկիրը. «Ավստրիական ավիաուղիները» տուրեր են կազմակերպում Վիեննա, «Չեխականները»՝ Պրահա, Emirates-ը' Դուբայ եւ Աբու Դաբի: Բնական է՝ արտերկրում Հայաստանը ներկայացնելու հարցում հիմնականում շահագրգռված է լինելու հենց ազգային ավիաընկերությունը: Օտարերկրյա ընկերություններն երբեւէ չեն անի այնպիսի աշխատանք, ինչ սկսել ենք մենք, կամ կիրականացնի մեկ որեւէ այլ հայաստանյան ընկերություն: Մենք դեմ չենք մրցակիցների առկայությանը. ընդհակառակը, դա մեզ կօգնի աշխատել ավելի արդյունավետ:

Որքանո՞վ կարող են շահավետ լինել code-share համաձայնությունները ռուսական ավիաընկերություների հետ: Ժամանակին ՌԴ-ից այդպիսի առաջարկներ եղել են:

Դա ավիաընկերություներն իրենք են որոշում: Եթե այդպիսի պայմանագրերը փոխշահավետ են, եւ ընկերությունները պատրաստ են վաճառել մեկը մյուսի տոմսերը՝ դանալով գործընկերներ, բնականաբար դրան դրական եմ նայում: Սակայն եթե արդյունքում պակասի հայկական օդանավերի թիվը, կրճատվի հայաստանյան մասնագետների զբաղվածությունը, չեմ կարծում, որ դա նպաստավոր եւ նպատակահարմար կլինի:

Որքանո՞վ Հայաստանի ընկերություններին կօգնի տրանզիտային թռիչքների հնարավորությունը արտերկրում (հինգերորդ ազատություն):

Ազատություների վերաբերյալ խնդիրները կանոնակարգվում են միջպետական համաձայնագրերով: Ներկայումս Հայաստանը հինգ ազատության պայմանագրեր ունի ԱՄՆ-ի եւ Նիդեռլանդների հետ: ԵՄ-ի հետ քննարկվում է ընդհանուր օդային տարածության մասին համաձայնագրի ստորագրման հարցը: Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ նման պայմանագիր դեռեւս չկա: Եթե այդպիսին լինի, մեր գործը, բնականաբար, կհեշտանա: Հարկ է նշել, որ «բաց երկնքի» քաղաքականությունից օգտվելու մեր հնարավորությունը լինելու է խիստ սահմանափակ՝ մինչեւ նույն քաղաքականությունը չորդեգրվի այլ պետությունների կողմից:

Զրուցեց՝ Արամ Գարեգինյանը

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան• Աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական դրույթները պարզաբանող ձեռնարկ• Խորհրդածություններ ազգային ինքնության մասին• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը• «Հայ և իրանցի գործարարներն անգամ լիարժեք չգիտեն միմյանց ներուժի ու կարողությունների մասին»․ ՀԱԳՄ նախագահ• Համագործակցության հուշագիր՝ ՀԱԳՄ-ի և Հայաստանի ներդրումային խորհրդի միջև• «Տնտեսության մեջ մրցակցայնության և արդյունավետության բարձրացումն անհնար է առանց առաջատար տեխնոլոգիաների կիրառման»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center