ՀԱԳՄ նախագահության անդամները Շիրակի մարզում

ՀԱԳՄ նախագահության անդամները հուլիսի 11–ին արտագնա նիստի էին Շիրակի մարզում։ Գյումրիում կազմակերպած հանդիպման ժամանակ մարզի գործարարները անկեղծ ու բաց քննարկում ծավալեցին հյուրերի հետ՝ ակնկալելով նաև նրանց աջակցությունը Շիրակում բիզնեսը ակտիվացնելու, երևանյան ընկերությունների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու։ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը պատկերավոր նշեց, որ Միությունը շատ հարցերում պարտք է հատկապես բազմաբնույթ հոգսերով ապրող Գյումրիին և այսուհետ ակտիվ կապերով զորակցելու է մարզի գործարարներին։
Քննարկումը առավել գործնական շարունակվեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի աշխատասենյակում, ուր նախագահության անդամները առավել հանգամանորեն տեղեկացան հատկապես վերջին ամիսներին կատարված բարեփոխումներին և առաջիկա անելիքներին։ Մարզպետի և Միության նախագահի փոխադարձ համաձայնությամբ որոշվեց սեպտեմբերին Գյումրիում կազմակերպել գործարար կոնֆերանս՝ մարզի խնդիրները առավել ընդհանրացված ու գլոբալ քննարկելու և այն վերադաս ատյաններին ներկայացնելու համար։
Ի դեպ, նախագահության անդամներից շատերը վաղուց գործարար ծրագրեր են իրականացնում Շիրակի մարզում։ Մասնավորապես «Երևանի գարեջրի գործարան» ընկերությունը Գյումրիում կառուցում է գարեջրի ածիկի ստացման արդիական գործարան, որը, հզորագույնը լինելով ողջ հարավային Կովկասում, միաժամանակ անմիջականորեն նպաստելու է ֆերմերներին նոր ցանքատարածություններով գարու արտադրությունը ավելացնելուն։ Նախագահության անդամները մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ այցելեցին նորակառույցի շինհրապարակ և ծանոթացան այդ բացառիկ կարևոր արտադրության հեռահար ծրագրերին։
Բնականաբար՝ մշակութային մայրաքաղաք հռչակված Գյումրիում այս օրերին շրջելը և նրա կոլորիտին հաղորդակցվելը մեծ բավականություն է։ Եվ այդ տրամադրությամբ էլ եզրափակվեց ՀԱԳՄ նախագահության անդամների այցը Շիրակի մարզ։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել