Հայ գործարարներն կառավարությանն առաջարկում են գազի թանկացման շուրջ համակողմանի քննարկում կազմակերպել

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը հայտարարությամբ դիմել է Հայաստանի Կառավարությանը՝ նշելով, որ Հայաստանում էներգակիրների գների էական բարձրացումը անխուսափելիորեն կդառնա ճգնաժամային իրավիճակի ստեղծման պատճառ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Տնտեսական զարգացման բնագավառում առանց այդ էլ բազում խնդիրներ ունեցող Հայաստանի համար էներգակիրների գների էական բարձրացումը անխուսափելիորեն կդառնա ճգնաժամային իրավիճակի ստեղծման պատճառ՝ կապված թողարկվող ապրանքների եւ ծառայությունների ինքնարժեքի (գների) կանխատեսելի բարձրացման հետ: Արդյունքում՝
-լրջորեն կխաթարվեն տեղական ապրանքարտադրողների հնարավորությունները թե՛ արտաքին եւ թե՛ ներքին շուկաներում,
-ազգաբնակչության վճարունակ պահանջարկի նվազումը կբերի ներքին շուկայում իրացվող արտադրանքի (ծառայությունների) համպատասխան նվազման,
-շոշափելիորեն կնվազեն պետբյուջե մուծվող հարկերն ու տուրքերը, բնականաբար նաեւ սոցիալական ուղղվածություն ունեցող պետական ծախսերը, ինչն էլ կհանգեցնի բնակչության դժգոհությունների մեծացմանն ու արտագաղթի ավելացմանը:
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարաների միությունը գտնում է, որ նշված մարտահրավերների պայմաններում նախ եւ առաջ անհրաժեշտ է ստեղծված իրավիճակի սթափ գնահատում: Քաղաքական անպտուղ բանավեճերից խնդիրը պետք է տեղափոխվի տնտեսական լուծումների դաշտ: Երկրի տնտեսությունը, նրա կառավարման ողջ համակարգը պետք է ընդունակ լինեն համարժեք արձագանքելու նման էքստրեմալ իրավիճակներին՝ անկախ դրանց առաջացման պատճառներից (քաղաքական, թե տնտեսական): Ըստ էության խնդիրը շատ հստակ ձեւակերպում ունի. տարվող տնտեսական քաղաքականության մեջ իրականացնել փոփոխություններ, որոնց նպատակը պետք է լինի ոչ միայն էներգակիրների գնաճի հետեւանքների մեղմումը հայրենական ապրանքարտադրողների համար, այլեւ սոցիալական նպատակներին ուղղվող բյուջետային միջոցների համապատասխան աճի ապահովումը:
Գտնում ենք, որ հնարավոր լուծումների շրջանակը կարող է լինել լայն՝ սկսած էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմանն աջակցող քայլերից մինչեւ չափավոր պրոտեկցիոնիզմ:
Առաջարկում ենք ՀՀ կառավարությանը շուտափույթ կազմակերպել հարցի համակողմանի քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»:
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել