Շնորհավորական ուղերձ Մայիսի 9–ի տոների կապակցությամբ

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի գործարարներ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ջերմորեն շնորհավորում է Ձեզ Մայիսի 9–ի՝ Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի փառապանծ հաղթանակների տոնի կապակցությամբ, մաղթում արևշատություն, անսպառ եռանդ և հայրենաշեն նորանոր գործեր, որոնցով մեր Հայաստան աշխարհը առավել կշենանա ու կհզորանա։ Մեր ժողովրդի կյանքում միշտ էլ եղել են ճակատագրական պահեր ու մարտահրավերներ, որոնց հաղթահարել ենք մեր հզոր կամքով ու միասնականությամբ և շարունակելու ենք նույն կերպ ամրապնդել մեր պետականությունը։ Այդպես է եղել Մայիսյան Ավարայրին, Մայիսյան Սարդարապատին, Մայիսյան Հայրենականին ու Մայիսյան Շուշիին և դեռ էլի Մայիսներ կլինեն...
Դժվարին հաղթանակներով սրբագործված մեր նորանկախ Հայաստանը այսօր ևս շատ հոգսեր ու խնդիրներ ունի, և բնականաբար կռիվը շարունակվում է տնտեսական դաշտում, որ ամեն հայ Հայրենիքում ունենա աշխատանք ու արժանավայել ապրելակերպ, որ օտարության ճամփաները այլևս չկանչեն հայ մարդուն, առավել ևս հայ գործարարին, ով մի սուրբ առաքելություն ունի՝ շենացնել սեփական հայրենիքը և ոչ թե օտարի տունը։ Հիշեք մեծագույն գործարար և անգերազանցելի բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի պատգամը՝ «Հայ վաճառականներ, օտար թանգարաններում ձեզ համար միայն մոռացության փոշի է պահված...»։
Սիրելի գործարարներ, մեր պետականաշինությունը նման է սրբազան տաճարի կառուցման, որի որմերին ամեն օր մի քար պիտի ավելացնենք. և առաջին ավելացնողը հենց դուք եք։ Թող Աստված ձեր ուժն ու եռանդը, նվիրվածությունը բազմապատկի, որ հայոց բիզնեսի ոսկե մատյանը լրացնեք արժանավայել էջերով։
Չկասկածեք, անպայման գալու է հայ գործարարության Ոսկեդարը, և արարողը դուք եք լինելու։ Աստված Ձեզ և բոլորին պահապան...
Արսեն Ղազարյան
Հայաստանի արդյունաբերողների և
գործարարների միության նախագահ
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել