ԵՐԵՎԱՆ – ՎԱՆ – ԵՐԵՎԱՆ չվերթի շնորհանդես

Մարտի 14–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության դահլիճում կայացավ ԵՐԵՎԱՆ – ՎԱՆ – ԵՐԵՎԱՆ չվերթի շնորհանդեսը։ Մասնակցում էին երեք տասնյակից ավելի տուրիստական ընկերությունների ղեկավարներ, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ ու ներկայացուցիչներ։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը և «ՆԱՐԵԿԱՎԱՆՔ ՏՈՒՐ» ընկերության համահիմնադիր Արմեն Հովհաննիսյանը կարևորեցին և արժևորեցին չվերթի կազմակերպումը՝ միաժամանակ այն բնութագրելով որպես հայ–թուրքական հարաբերությունների բարելավման բաղադրիչներից մեկը։
Ապրիլի 3–ից շաբաթական երկու անգամ կլինեն ուղիղ չվերթեր Երևանից Վան և հակառակ ուղղությամբ։ Երևան–Վան–Երևան չվերթի միայն տոմսի արժեքը կլինի 250 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ առաջին ամսվա համար լինելու է 20 տոկոսի զեղչ՝ 200 դոլարին համարժեք դրամով։
Լինելու են նաև տուրիստական ամբողջական փաթեթներ՝ 3,4 և 7 օրով, որոնց արժեքը լինելու է 180 հազար դրամից սկսած՝ ներառյալ ավիատոմսերը, սնունդը և հյուրանոցները։ Չվերթը կազմակերպել են Հայաստանյան ՆԱՐԵԿԱՎԱՆՔ ՏՈՒՐ» և թուրքական «ԲՈՐԱ ՋԵԹ» ընկերությունները՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ակտիվ աջակցությամբ։ Չվերթերը կիրականացվեն եվրոպական արտադրության ATR 72-500 օդանավերով, տևողությունը՝ 40 րոպե։
Հանդիպման ավարտին տուրիստական ընկերությունների ղեկավարների ու մասնագետների համար կազմակերպվեց սեմինար։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել