Էկոնոմիկայի նախարար. Հայաստանը «դատապարտված է» արտահանման ուղղված տնտեսություն ունենալու

NEWS.AM - Ունենալով ոչ մեծ շուկա' Հայաստանը լավ իմաստով դատապարտված է արտահանմանն ուղղված տնտեսություն ունենալու: Այդ մասին այսօր' փետրվարի 4 -ին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը' Ծաղկաձորում բացված Bridge տնտեսական համաժողովի ժամանակ:
Նա նշեց, որ գլոբալ տնտեսական պատկերը դրա համար բարենպաստ է: «Հուսանք, որ Եվրամիության ֆինանսական շուկաներն իրենց լուծումները կգտնեն, իսկ պոտենցիալ անկայունությունը կսահմանափակվի: Մեր արտահանման մոտ 50%-ը ուղղվում է հենց եվրոպական շուկա, ուստի մեզ համար կարեւոր է այնտեղ տիրող իրավիճակը»:
Ինչ վերաբերում է Հայաստանում իրավիճակին, ապա 2011թ. արդյունաբերական արտադրանքի ծավալը գերազանցել է 1 տրլն դրամը, իսկ նրա մասնաբաժինը ՀՆԱ-ում 14-ից հասել է 20 – 21%-ի: Նախորդ տարի Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5,9%-ով, արդյունբերական արտադրանքի ծավալն աճել է 14,1%-ով եւ մոտեցել տրիլիոն դրամի (992 մլրդ դրամ կամ մոտ 2,66 մլրդ դոլար): «Անցած տարի արձանագրված տնտեսական աճը հուսադրող է: Պակաս կարեւոր չէ այն, որ այն հիմնված է հիմնականում իրական սեկտորի զարգացման վրա, մասնավորապես, արդյունաբերության, որը հասել է այնպիսի մակարդակի, ինչպիսին չի եղել հետխորհրդային տարիների ընթացքում»,-հայտարարեց նախարարը: Դա, ըստ նրա, պայմանավորված է տնտեսական դիվերսիֆիկացիայով:
Բիզնեսի խթանման համար հիմք կարող է լինել անցած տարեվերջին կառավարության կողմից ընդունված Հայաստանի տնտեսության արտահանմանն ուղղված ռազմավարությունը: «Այն ամրագրում է մեր շրջադարձը դեպի արտադրություն եւ իրական հատված: Հայաստանը պետք է լինի արտադրող եւ արտահանող երկիր, եւ դրանով պետք է պայմանավորված լինի առաջիկա տարիներին նրա ռազմավարությունը: Այն գործողությունները, որոնց ականատեսն եք այսօր, ներդրումային ծրագրեր, օրենսդրական բարեփոխումներ, նոր արտադրություններ' դրանք պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության օրինակներ են»,-ավելացրեց նախարարը:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել