Արգելքը մասնակիորեն հանվել է

Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջերս դադարեցրել էր 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտերկիր, որի պատճառով ընդհատվել էր պոլիմերային հումքի ներկրումը Հայաստան, ինչը խիստ բացասական կանդրադառնար հատկապես սննդարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների վրա։ Այդ խնդրով խիստ մտահոգ՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հատուկ նամակով դիմեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում հանձնարարությամբ անմիջապես աշխատանքներ տարվեցին հիշյալ խնդիրը լուծելու համար։
ԵՎ ահա Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հասցեով նոյեմբերի 19–ին ստացվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի պաշտոնական պատասխանը, որում մասնավորապես նշված է՝ «Հարգելի պարոն Ղազարյան, ՀՀ վարչապետին ուղղված Ձեր 01.11.2012թ. թիվ 156 գրության կապակցությամբ տեղեկացնում եմ, որ ս.թ. նոյեմբերի 6–ին Իրանի Իսլամական Հանրապետության նավթաքիմիայի արհեստակցության գլխավոր քարտուղար Ահմադ Մահդավին հայտարարել է, որ նավթաքիմիական որոշ ապրանքատեսակների արտահանման արգելքն արդեն հանվել է։Այդ ապրանքատեսակների թվին են պատկանում բենզինը, ստայրեն մոնոմերը, կաուստիկ սոդան, LAB–ը, մելամինի կրիստալը, PVC և պոլիէթիլենը։ Իրանական կողմը տեղեկացրել է, որ համապատասխան շրջաբերական–հանձնարարականներ արդեն ուղարկվել են ԻԻՀ մաքսային ծառայություն։ ԻԻՀ մեջլիսի հանքարդյունաբերության հարցերով մշտական հանձնաժողովը հաստատել է վերոհիշյալ տեղեկատվությունը։
Ս.թ. նոյեմբերի 8–ին «Մեղրի» հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողության ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետությունից պոլիմերային հումքի Հայաստանի Հանրապետության ներկրումը դադարեցնելու հարցը ՀՀ նախագահի ներկայությամբ քննարկվել է Հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիթ Նամջուի հետ։
ԻԻՀ էներգետիկայի նախարարը խոստացել է հարցին հետամուտ լինել ԻԻՀ կառավարությունում»։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել