Թուրք գործարարների Երեւան-Վան չվերթների մասին հայտարարությունը թյուրիմացություն է

Երկու շաբաթից Երեւան-Վան չվերթների մեկնարկի մասին թուրք գործարարների հայտարությունն արվել է թյուրիմացաբար: Նման որակում տվեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ով մեկ շաբաթ առաջ «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Երեւան-Վան չվերթները հնարավոր է մեկնարկեն գարնանը: «Ինչքանով ես տեղյակ եմ կազմակերպիչներից, նման բան չկա: Հավանաբար թուրք գործարարը թյուրիմացաբար է նման հայտարարություն արել», - ասաց նա:
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հարցի վերաբերյալ պարզաբանումներ կտան քիչ ուշ:
Վանի առեւտրաարդյունաբերական պալատի անդամ Այհան Ֆիդանը Hurriyet Daily news-ի հետ զրույցում նշել է, որ Երեւան-Վան չվերթը կիրականանա երկու շաբաթից: «Երեւանից Վան հեռավորությունը 230 կմ է: Եթե առաջ այն հնարավոր էր անցնել մեքենայով, ապա այժմ Երեւանից Վան օդանավով տեղափոխվելը կտեւի ընդամենը 25 րոպե», - ասել է գործարարը: Վանում գործող տուրիստական 30 կազմակերպություններ զբոսաշրջային առաջարկների փաթեթ են կազմել, որը կնպաստի երկու քաղաքների միջեւ թռիչքների իրականացմանը: «Մենք նպատակ ունենք դեպի Վան կատարվող թռիչքներով ծածկել չվերթների 79 տոկոսը», - նշել է Ֆիդանը' հույս հայտնելով, որ Ստամբուլում տեղի ունեցող երկկողմ առեւտուրը եւս կարող է տեղափոխվել դեպի Վան' հաշվի առնելով տրանսպորտային պակաս ծախսերը:
Արսեն Ղազարյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտարարել էր, որ թուրք գործարարները կողմ են Երեւան-Վան ավիաչվերթների իրականացմանը, որպեսզի դեպի Վան եւ Աղթամար զբոսաշրջային ուղին ավելի դյուրին լինի: Խնդիրները դեռ տեխնիկական են: Համապատասխան չափի ինքնաթիռների ձեռքբերման հարց պետք է լուծվի։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել