Աջակցություն տնտեսական բարեփոխումներին
Նախաճգնաժամային տարիների ընթացքում Հայաստանում գրանցվել է ՀՆԱ-ի կայուն աճ: Դրանում իր որոշակի ներդրումն են ունեցել ՀԱԳՄ-ը և նրա անդամները, որոնք, օգտագործելով իրենց մտավոր և ֆինանսական ներուժը, ընդլայնում են իրենց արտադրությունները, գործունեության ոլորտները, նոր աշխատատեղեր են ստեղծում: Միությունը հաճախ ներգրավվում է Հայաստանում իրականացվող պետական տնտեսական և սոցիալական ծրագրերում, որոնցից կարևորագույներն են այսօր “ՀՀ Կայուն զարգացման ծրագիրը” և “Հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիրը”:
Միության մի շարք տնտեսական բնույթի ծրագրեր աջակցություն են գտնում միջազգային կազմակերպությունների կողմից, որոնց թվում են` Եվրամիությունը, Համաշխարհային Բանկը, UNDP-ն, UNIDO-ն USAID-ն և այլն: Բացի այդ Միությունն իրականացրել է և մասնակցում է հետևյալ ծրագրերին`
- VET - Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման միասնական համակարգի զարգացմանը, Հայաստանում ժամանակակից գործարարության պահանջներին համապատասխան մասնագետների կրթմանը և վերապատրաստմանն ուղված ծրագիր, որը նպատակ ունի նաև ավելացնել Հայաստանում զբաղվածների թվաքանակը;
- AEPLAC - Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն, որի նպատակն է արդիականացնել ՀՀ օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխան, մասնավորապես հարկային, մաքսային ոլորտներում;
- Եվրամիության BAS ծրագիրը, որն աջակցում է գործարար խորհրդատվության տրամադրմանը;
- Համագործակցություն Աշխատանքի Համաշխարհային Կազմակերպության (ILO) հետ աշխատանքի անվտանգ և բարենպաստ պայմանների ստեղծման ուղղություններով;
- ՀԱԳՄ-ն իրականացնում է USAID-ի կողմից ֆինանասավորվող “Աջակցույթուն Հայաստան – Թուրքիա հարաբերությունների բարելավմանը” Ծրագրի տնտեսական բաղադրիչը;
- Միությունն առաջատար դեր է խաղում օրենքների նախագծերի և օրենսդրական փոփոխությունների քննարկուների կազմակերպման գործընթացում և համակարգում է շահագրգիռ կողմերի` կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների, բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությունը: Այս առումով կարելի է նշել ՀԱԳՄ մասնակցությունը հետևյալ քննարկումներում. ՙՀարկային հսկողության մասին՚ ՀՀ օրենքի նախագծի քննարկումը, ՙՍոցիալական քարտերի մասին՚ ՀՀ օրենքի քննարկումը, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի նախագծի քննարկումը, ՙԲնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին՚ ՀՀ օրենքի քննարկումը և այլն:
Հատկապես վերջին տարիներին Միությունը ՀՀ կառավարության և Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի հետ լուրջ աշխատանք է կատարում սոցիալական գործընկերության կայացման և զարգացման ուղղությամբ:
Միության կողմից կարևորվում է նաև կազմակերպություններում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքների արմատավորումը:
Միությունը ապագա որակյալ կադրերի հարցը համարելով պետական կարևորության և գործարարների անձնական շահագրգռվածության առարկա համագործակցում է բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ:
Միությունն աջակցություն է ցուցաբերում երկրում իրականացվող սոցիալական և մշակութային բազմաթիվ ծրագրերի իրականացմանը: